Ձերբակալվել է Հունգարիայում խորտակված զբոսանավի նավապետը
Տուրիստական նավի նավապետը, նավ, որը Բուդապեշտի (Հունգարիա) քաղաքային սահմանագծում մայիսի 29-ի երեկոյան Դանուբ գետում բախվել է զբոսանավի, ձերբակալվել է: Այդ մասին հայտնել է BBC-ն՝ վկայակոչելով տեղի ոստիկանության տվյալները:
Ուկրաինայի 64-ամյա քաղաքացուն կասկածում են հանցավոր անփութության մեջ, որը հանգեցրել է աղետի: Տուրիստական կատերի խորտակման հետեւանքով զոհվել է յոթ մարդ, 21 հոգի համարվում է անհայտ կորած: Նրանց որոնումները շարունակվում են:
M1 հեռուստաալիքի տվյալներով՝ փրկված յոթ հոգուց միայն մեկն է դեռեւս գտնվում հիվանդանոցում՝ կողոսկրի կոտրվածքով, մնացածներին դուրս են գրել: Ինչպես նշել է BBC-ն, անհայտ կորածներից որեւէ մեկին ողջ գտնելու շանսերը չափազանց փոքր են:
Հարավային Կորեայի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ ջրասույզ եղած կատերում եղել են Կորեայի Հանրապետության 33 քաղաքացի եւ անձնակազմի երկու անդամ՝ Հունգարիայի քաղաքացիներ: Աղետի պատճառ է դարձել մի այլ նավի հետ բախումը Հունգարիայի խորհրդարանի շենքից ոչ հեռու, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: