Վերաքննիչ քրեական դատարանն ստացել է Ռոբերտ Քոչարյանի կալանքի վերացումը բողոքարկող դիմումը
ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը մայիսի 29-ին ստացել է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների վերաբերյալ քրեական գործը, որը մակագրվել է դատավոր Արմեն Դանիելյանին:
Այս մասին տեղեկանում ենք «Datalex» դատական տեղեկատվական համակարգից։
ՀՀ գլխավոր դատախազությունը մայիսի 23-ին բողոքարկել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի կայացրած երկու որոշումները:
Բողոքի բովանդակությունը հետևյալն է. «Վերացնել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (Ավան)` Ռոբերտ Սեդրակի Քոչարյանի (ՀՀ քր.օր. 300.1 հոդ. 1-ին մասով և 311 հոդ. 4-րդ մասի 2-րդ կետով) նկատմամբ որպես խափանման միջոց անձնական երաշխավորություն ընտրելու վերաբերյալ 18.05.2019թ. որոշումը և խափանման միջոց ընտրել կալանավորումը»:
Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ, մայիսի 18-ին փոխել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը՝ Արցախի նախագահ Բակո Սահակյանի և նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի անձնական երաշխավորությամբ: