
Բաժնետերերը չկարողացան Ցուկերբերգին հանել Facebook-ի տնօրենների խորհրդի ղեկավարի պաշտոնից

Facebook-ի մի շարք բաժնետերեր չեն կարողացել Մարկ Ցուկերբերգին հանել ԱՄՆ-ի այդ ընկերության տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնից: Այդ ու եւս վեց առաջարկություններ մայիսի 30-ին բավարար քանակությամբ ձայներ չհավաքեցին Facebook-ի բաժնետերերի տարեկան ժողովում, որի լսահեռարձակումը կատարվել է ընկերության կայքում:
«Քվեարկության վերջնական արդյունքներն ԱՄՆ-ի Արժեթղթերի եւ սակարանների դաշնային հանձնաժողով կուղարկվեն չորս աշխատանքային օրվա ընթացքում»,- ճշտել է ընկերության ներկայացուցիչը:
Ցուկերբերգին տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնից հանելու առաջարկության հեղինակը NorthStar Asset Management ընկերության գլխավոր տնօրեն Ջուլի Գուդրիջն է:
Նա այդ նախաձեռնությունը տարեկան ժողովի մասնակիցների քննարկման է ներկայացրել հինգերորդ անգամ: Գուդրիջը հիշատակել է այն մի շարք սկանդալային մերկացումները, որոնք Facebook-ին եւ դրա ղեկավարությանը դրեցին վատ կացության մեջ, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը: