
Ռուսաստանը կողջուներ բանակցություններն ԱՄՆ-ի և Իրանի միջև. Լավրով

Ռուսաստանը կողջուներ բանակցություններն ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ, բայց չի պարտադրելու իր միջնորդական ծառայությունները: Այդ մասին, ինչպես հաղորդել է ՏԱՍՍ-ը, հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ պատասխանելով համապատասխան հարցին։
«Մենք մեր ծառայությունները չենք պարտադրում: Մենք կողջունենք ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ բանակցությունների սկսվելը, ինչպես որ ողջունում ենք բանակցային գործընթացը Միացյալ Նահանգների եւ Հյուսիսային Կորեայի միջեւ, ինչպես որ կարեւոր ենք համարում բանակցային գործընթացի կարգավորումը նաեւ Վենեսուելայի գործերում»,- ասել է նա:
Լավրովը հավելել է, որ Մոսկվան պատրաստ է նպաստել Իրանի եւ Պարսից ծոցի պետությունների միջեւ չհարձակման մասին համաձայնագրի կնքնմանը:
«Կարծում եմ, որ Պարսից ծոցի երկրների հետ միմյանց դեմ ուժ չկիրառելու պայմանագրի կնքման Թեհրանի նախաձեռնությունը քայլ է դրական ուղղությամբ: Ես գիտեմ, որ Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի ոչ բոլոր, բայց մի ամբողջ շարք անդամներ պատրաստ են դիտարկել այդ նախաձեռնությունը: Մենք պատրաստ կլինենք նպաստել այդ գործընթացին»,- ասել է ՌԴ ԱԳ նախարարը: