Բաժիններ՝

Արթուր Աղաբեկյանի նկատմամբ ՔԿ-ում հարուցված քրգործը կկարճվի

Առաջիկա օրերին սպասվում է, որ պաշտոնապես կհայտարարվի Արցախի նախկին փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանի նկատմամբ  հարուցված քրեական գործը կարճելու որոշման  մասին:

168.am-ի տեղեկատվությունը հաստատեցին նաև Քննչական կոմիտեում՝ «Մարտիկ» հիմնադրամի վատնումների գործով նախաքննությունը շարունակվում է: Սակայն հաշվի առնելով այն հանգամանքը, որ Արթուր Աղաբեկյանն ընդունել է իր մեղքը և վերականգնել պետությանը պատճառված վնասը, ապա քրգործն առաջիկայում կկարճվի:

Նշենք, որ «Մարտիկ» հիմնադրամի գործով հաշվարկված վնասը մինչ այս պահը վերականգնվել է  55 մլն դրամի չափով, առաջիկա օրերին, ըստ ամենայնի, կվճարվի վերջին մասը:

Հիշեցնենք, հեղափոխությունից հետո Անահիտ Բախշյանի դիմումի հիման վրա նյութեր էին նախապատրաստվել և 2018 օգոստոսի 29-ին, մինչդատական վարույթում հարուցվել էր քրեական գործ «Մարտիկ» հիմնադրամում  առերևույթ չարաշահումների դեպքի առթիվ: Իսկ  Արթուր Աղաբեկյանին՝ որպես «Մարտիկ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, մեղադրանք էր առաջադրվել առանձնապես խոշոր չափերի վատնումների համար՝ ՀՀ ՔՕ179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։  Նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին։

Ա. Բախշյանի այս հայտարարությունից հետո Արթուր Աղաբեկյանն իրեն մեղավոր չէր համարում և հայտարարել էր, որ գործել է բացառապես «Մարտիկ» հիմնադրամի գաղափարի և կանոնադրության շրջանակներում և հիմնադրամին ծառայել է պատվախնդրությամբ և անձնական մեծ պատասխանատվությամբ:

Նշենք, որ ՔԿ  հաղորդագրության մեջ նշվում էր, որ հիմնադրամի միջոցներն առանձին դեպքերում ծախսվել են հակառակ կանոնադրությամբ սահմանված նպատակների: Խոսքը 2012-2016թթ. ընթացքում թույլ տրված չարաշահումների մասին է, վնասը գնահատվում էր ավելի քան 58 մլն դրամ: Մանսնավորապես նշվում էր, առանձնապես խոշոր չափերի գումարներ ուղղվել են ռեստորաններում և հյուրանոցներում հյուրասիրություններ կազմակերպելու, հիմնադրամի հետ առնչություն չունեցող անձանց թանկարժեք նվերներ մատուցելու համար, ընդ որում, հիմնադրամի միջոցների մի մասը ծախսվել է հենց  այն հանգստյան գոտու ռեստորանում հյուրասիրությունների համար, որի բաժնետոմսերի 40 տոկոսն իրականում  պատկանել է Արթուր Աղաբեկյանին։

Սյուզի Բադոյան

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս