
Իմամօղլու. «էդ էր մնացել պակաս, որ հայ կամ հույն լինեմ ու չասեմ դրա մասին»

Ստամբուլի ընտրություններում առաջադրված ընդդիմադիր ուժի՝ քեմալականների «Ժողովրդահանրապետական» կուսակցության թեկնածու Էքրեմ Իմամօղլուն թուրքական հաղորդումներից մեկի ժամանակ խոսել է իր դեմ իրականացվող հակաքարոզչության, ինչպես նաև ծագումով հույն լինելու պնդումների մասին:
Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:
Իմամօղլուն հայտնել է, որ իր վարորդի նկատմամբ զրպարտանքներ ևս կան, թե իբր նա անգլիացի լրտեսին փաստաթղթեր է հանձնել: Իմամօղլուն շեշտել է, որ իշխանամետ լրատվամիջոցներ ն են փորձում սևացնել իր կերպարը:
Ընդդիմադիր թեկնածուի խոսքով` խոսակցություններ են պտտվում իր հունական ինքնության վերաբերյալ: Իմամօղլուն նշել է, որ նման դեպք տեղի է ունեցել նաև Թուրքիայի ներկայիս նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, երբ նրան ասել են` «վրացի է, հույն է»:
«Աբդուլահ Գյուլին էլ ասում էին հայ է: Ըստ իս՝ շատ հումորային է, մի արեք նման բաներ: էդ էր մնացել պակաս, որ ես հույն կամ հայ լինեմ և չասեմ դրա մասին: Կարող եք, իհարկե, հայ լինել, հույն լինել, քիրստոնյա լինել, մուսուլման լինել: Պետք է վերջ տալ այն քաղաքականությանը, որն իրականացվում է անջատողականության և բարոյական արժեքների միջոցով»,- ասել է Իմամօղլուն: