Հայաստանում «Գարդասիլ»-ով պատվաստվել է 6 հազար մարդ. կողմնակի ազդեցություններ չեն եղել
Հայաստանում արդեն կատարվել է 6 հազար պատվաստում «Գարդասիլ» պատվաստանյութով: Նրանցից ոչ մեկի մոտ կողմնակի ազդեցություններ չեն եղել: Այս մասին ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ վստահեցրեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ պատասխանելով՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հարցին:
Ուրիխանյանը հետաքրքրվեց պատվաստանյութի վերաբերյալ: «Խնդրում եմ տվեք սպառիչ տեղեկություն, թե ինչ է լինելու, պատվաստանյութը շրջանառության մեջ դրվա՞ծ է, դրվելո՞ւ է, թե՞ ոչ, վնասակա՞ր է, թե՞ոչ: Ի՞նչ սպասել դրանից»,-հետաքրքրվեց պատգամավորը:
Արսեն Թորոսյանն արձագանքեց՝ պատվաստանյութը ներդրվել է վաղուց՝ 2017-ի վերջերից: «Միանշանակ այն օգտակար է, որևէ երկրում չկա որևէ գիտական ապացույց, որ այն վնասակար է: Հետևաբար` այդ հարցը ունի միանշանակ պատասխան՝ այն օգտակար է և փրկում է հազարավոր կյանքեր: Մեր դեպքում այն տարիներ անց կփրկի առնվազն տարեկան 120 կյանք: Մինչ օրս Հայաստանում արդեն կատարվել է 6 հազար պատվաստում: Չի եղել որևէ կողմնակի ազդեցություն որևէ մեկի մոտ»,-ասաց նախարարն ու հավելեց, որ պատվաստվել են նաև ինքն ու իր կինը, իսկ դուստրը կպատվաստվի, երբ հասնի համապատասխան տարիքին:
Նա վստահեցրեց, որ բոլոր պատվաստանյութերը մինչև ներդրվելն անցնում են տասնյակ տարիների փորձարկումներ: Թորոսյանը պատվաստանյութերը համարեց վերջին 200 տարիների գիտության լրջագույն հայտնագործությունները, որոնք փրկել են ու փրկում են միլիոնավոր կյանքեր:
Նախարարը նկատեց, որ «Գարդասիլ»-ով պատվաստման թեման արդեն դուրս է եկել գիտական դիսկուրսից և դարձել է քաղաքական շահարկումների թեմա: Թորոսյանը կոչ արեց չշարունակել այդ կերպ: