«Դա ինքնուս կոմպոզիտորների մակարդակով է արվում». Լարիսա Ալավերդյանը՝ Արցախը Հայաստանին միացնելու մասին
Մարդու իրավունքների նախկին պաշտպան, «Ընդդեմ իրավական կամայականությունների» հ/կ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը կարծում է, որ Հայաստանի իշխանությունները չեն տիրապետում Արցախի նյութին:
«Կարող են նույնիսկ ամենադրական նպատակներն ունեցող գործողություններ կատարել, բայց արդյունքները խոսում են այն մասին, որ բոլոր դրական միտումներն ու արված գործողությունները տանում են հասարակության պառակտման: Համոզված եմ, որ այն ուժերը, որոնք որ այսօր շտապեցնում են, որ Արցախում արտահերթ ընտրություններ լինեն, քաջ տեղյակ են, որ բուն ընտրությունների ժամանակ հաղթելու շանս չունեն:
Ինչ վերաբերում է միացմանը, ապա, ցավոք, բոլոր նրանք, ովքեր այսօր կարծես թե շատ լավ բանի՝ միացման մասին են խոսում, նրանք օգտագործում են ադրբեջանական քաղաքագիտական լեզուն՝ ասելով, որ Արցախի Հանրապետություն չկա, իշխանությունները լեգիտիմ չեն: Դա կատարվում է ամբողջովին ինքնուս կոմպոզիտորների մակարդակով՝ հաշվի չառնելով այն բարդ աշխարհաքաղաքական խաղերը և վիճակը, որն այսօր կա»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Լարիսա Ալավերդյանը:
«Ղարաբաղի հարց չկա, այն լուծված է Արցախ Հանրապետությունով: Ընտրությունները միշտ եղել են լեգիտիմ, ընդդիմությունն ավելի շատ ձայն է հավաքել, քան Հայաստանում: Չկա տարանջատված հանրապետություն, կան երկու պետական միավորներ, որոնցից մեկը ճանաչված է, մյուսը՝ ոչ, և իրենք համագործակցում են այսօր աշխարհաքաղաքական դաշտի կողմից ընդունված ձևերով: 1990-ական թվականանների սկզբներին ՀՀՇ-ն հայտարարել է, որ մենք այսօրվանից ոչ թե միացման պետք է գնանք, այլ ձևի համար անջատման, բայց մենք ներսում էլի միասնական ենք մնալու: Բոլոր այն կոչերը, որ նման բան չի լինում, անգրագիտությունից է:
Կա բաժանված ժողովուրդների եզրույթ, այդ վիճակում եղել են ազգեր և ժողովուրդներ: Միասնական չեն եղել այն դեպքում, երբ ՀՀ առաջին նախագահը կոպիտ քաղաքական սխալ է արել, համաձայնել է, որ Լեռնային Ղարաբաղը մնա Ադրբեջանի կազմում՝ ավելի բարձր կարգավիճակով: Այստեղ Արցախը համաձայն չի եղել:
Ես, որ միացման ջատագով էի, եկել եմ այն եզրահանգման, որ ստեղծված աշխարհաքաղաքական վիճակում դա ելք է եղել Արցախի համար, որովհետև հակառակ պարագայում դժվար է պատկերացնել, թե ինչ կլինի»,- եզրափակեց Լարիսա Ալավերդյանը:
Անի Կարապետյան