«Այս պահին հակված ենք միայն դատական համակարգին անդրադառնալ». Լիլիթ Մակունցը՝ վեթինգի մասին
Անցումային արդարադատության շուրջ ԱԺ-ում որոշակի աշխատանք ամիսներ շարունակ կատարվել է։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ նշելով, որ վեթինգն անցումային արդարադատության գործիքներից մեկն է, և այն ևս ուսումնասիրվել է։
Լ.Մակունցի խոսքով՝ նախագիծը մշակվելու և ներկայացվելու է «Իմ քայլը» խմբակցության կողմից։
Ըստ նրա՝ վեթինգը կարող է վերաբերել պետական համակարգի ցանկացած կառույցի.
«Այս պահին հակված ենք միայն դատական համակարգին անդրադառնալ։ Թե հետագա գործողություններն ինչ ցույց կտան և, ի վերջո, ինչ կունենանք, չեմ կարող ասել, բայց այս պահին հակված ենք միայն դատական համակարգին անդրադառնալ»։
Նա դժվարացավ նշել՝ Սահմանադրության փոփոխության անհրաժեշտություն կլինի՞, կամ ո՞ր մարմինն է իրականացնելու վեթինգը, սակայն իրենց համար ընդունելի է օրենքի ընդունման տարբերակը.
«Կարող եմ ասել, որ հնարավորինս մոտ ժամկետներում, առաջիկա 1 ամսում, մենք մտադիր ենք գոնե սևագիր տարբերակն ունենալ»։
Լ.Մակունցը տեղեկացրեց, որ արտախորհրդարանական ուժերից ու կառույցներից առաջարկներ, պատկերացումներ և մտահոգություններ են ստանում վեթինգի մասին, և ճիշտ կլինի, որ խորհրդարանական ուժերն էլ ներկայացնեն առաջարկներ մինչև հանրային քննարկումները, իսկ արդեն հանրային քննարկումների ժամանակ դրանք մանրամասն կքննարկվեն։
Խմբակցության ղեկավարը հիշեցրեց, որ դեռևս նախընտրական շրջանում հայտարարվել է, որ գնալու են անցումային արդարադատության, այս ընթացքում առանձին պատգամավորներ ուսումնասիրություններ են կատարել, և այժմ հայտարարվել է հրապարակային փուլի մասին։