
Մեթիսը հուշագրություններ է պատրաստում հրատարակման

ԱՄՆ-ի պաշտպանության նախկին նախարար Ջեյմս Մեթիսն այս ամռանը կհրատարակի իր հուշագրությունները, բայց անմիջապես նախազգուշացնում է, որ ընթերցողներն այնտեղ հայտնություններ չեն գտնի Միացյալ Նահանգների ներկայիս ղեկավար Դոնալդ Թրամփի մասին: Այս մասին հայտնել է Associated Press (AP) գործակալությունը:
«Այս գիրքը գրելիս իմ նպատակն էր՝ շարադրել ծառայության 43 տարիներին յուրացված դասերը նրանց, ում համար դա օգտակար կլինի, լինի դա բանակում կամ թե սովորական քաղաքացիական կյանքում»,- նշել է 68-ամյա նախկին նախարարը:
Հուշագրությունները լույս կտեսնեն «Պայմանականչ «Քաոս». սովորում ենք ղեկավարել (Call Sign Chaos: Learning to Lead) վերտառությամբ: Իր գրքում, որը վաճառքի կհանվի հուլիսի 16-ին, Մեթիսը կպատմի այն փորձի մասին, որն ստացել է Իրաքում եւ Աֆղանստանում մարտական գործողություններին մասնակցելու ժամանակ:
Նա «Քաոս» պայմանականչն ստացել է, երբ 1990-ական թվականների կեսերին գլխավորում էր ԱՄՆ-ի ծովային հետեւակի զորակազմի յոթերորդ գունդը: Թրամփը գերադասում էր նրան անվանել«Կատաղած շուն»՝ մականուն, որին Մեթիսը վերաբերվում էր արհամարհանքով:
Ըստ որում նախարարության նախկին ղեկավարն ընդգծել է, որ իր գիրքը նվիրված չի լինելու Թրամփին: «Ես հին կոփվածքի մարդ եմ: Ես չեմ գրում գործող նախագահների մասին, ուստի նրանք, ովքեր հայտնություններ են փնտրում (Թրամփի մասին), հուսախաբ կլինեն»,- ընդգծել է Մեթիսը: Իր հուշագրություններում նա հրաժարվել է «քննության ենթարկել արդիականության թեժ քաղաքական հռետորաբանությունը», հաղորդել է ՏԱՍՍ-ը: