«Չելսին» համաձայնել է վաճառել Ազարին «Ռեալին» 115 մլն ֆունտով
Լոնդոնի «Չելսին» պատրաստ է վաճառել Էդեն Ազարին «Ռեալ Մադրիդին»՝ 115 մլն ֆունտի դիմաց (մոտ 130 մլն եվրո): Լոնդոնյան ակումբը երկար ժամանակ հրաժարվում էր բելգիացի ֆուտբոլիստի համար պահանջվող 150 մլն եվրո գումարը նվազեցնել: Ինչպես հաղորդում է The Sun-ը, հիմա «Չելսին» պատրաստ է բաց թողնել ֆուտբոլիստին ավելի փոքր գումարի դիմաց:
Ըստ աղբյուրի տեղեկությունների, «Սերուցքայիններն» Ազարին առաջարկել են 4 տարվա պայմանագիր՝ շաբաթական 400 հազար ֆունտ աշխատավարձով: Ինքը՝ ֆուտբոլիստը, ցանկանում է, որ ակումբները գործարքն իրականացնեն մինչև հունիսի 4-ը:
Ազարի պայմանագիրը «Չելսիի» հետ նախատեսված է մինչև 2020 թվականը: Բելգիացին լոնդոնյան թիմի կազմում հանդես է գալիս 2012 թվականից:
Պատրաստեց Անի Գաբուզյանը