Տարբերվողը. ինչու է նախարարն ուղղաթիռով մեկնել Սյունիք. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մայիսի 27-ին ՀՀ Սյունիքի մարզում տեղի ունեցավ «Իմ Քայլը» հանուն Սյունիքի մարզի բիզնես-ֆորումը, որին մասնակցել են նախարարներ, պատգամավորներ, գործարարներ, մարզպետներ:

Նշենք, որ բոլոր մասնակիցները Սյունիքի մարզ էին եկել ավտոմեքենայով, անգամ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Իսկ ահա առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նախընտրել էր տարբերվել մյուսներից եւ Սյունիք եկել էր սանավիացիայի ուղղաթիռով:

Ասել է թե` իրեն ճոխություն էր թույլ տվել:

Նա անգամ իր ֆեյսբուքյան էջում ուղիղ եթերով ցուցադրել էր, թե ինչպես են մեկնում Տաթեւ եւ հետ վերադարձը. «Միանգամից ասեմ, որ «The Armenian Helicopters»-ը հանդիսանում է այս ֆորումի հովանավորը եւ իրենք էլ պետք է մասնակցեին, ես էլ պարզապես առիթից օգտվել եմ, հիմա հետ ենք գնում»:

Նկատենք, որ «The Armenian Helicopters» ընկերության տնօրեն Արսեն Մանուկյանը համաժողովի ընթացքում հայտարարեց, որ զբոսաշրջային կազմակերպություններին առաջարկել են անհատական տուրիստական երթուղիներ մշակել Սյունիքի մարզ:

Ինչի արդյունքում կկրճատվի ճանապարհի վրա ծախսվող ժամանակը եւ Երեւանից հնարավոր կլինի Տաթեւ հասնել 50 րոպեում: Իսկ ինպես հայտնի է` դեպի Սյունիք ընթացող ճանապարհը գտնվում է ոչ սարքին, բավականին վատ վիճակում:

Փաստորեն փոսառատ ու քարուքանդ ճանապարհով Սյունիք մեկնելու հարցում կառավարության անդամներից միայն Թորոսյանի բախտն էր բերել: Սակայն հետաքրքիր է` ինչու է նախարարն  ընտրել տվյալ ընկերությունն անուղղակի գովազդելու տարբերակը»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս