«Տեսեք երեխեք, էս ոնցա դիմանում, ոնց որ Կամոն լինի, ձեն չի հանում». Լոռիում տղամարդը երեխաների ներկայությամբ տաք ջուրը լցրել է կնոջ վրա. «Փաստինֆո»
Լոռու մարզում կինը տարիներ շարունակ դաժան բռնության է ենթարկվել ամուսնու կողմից, որին ականատես են եղել նաեւ երեխաները: Այս մասին գրում է «Փաստինֆոն»:
Ընտանեկան բռնության ահասարսուռ դեպքը գրանցվել է մարզի գյուղերից մեկում:
Համատեղ ընտանեկան կյանքի սկզբում` 1997-2012թթ. ամուսիններն ապրել են խաղաղ, բայց հետո ամուսինը կնոջ կյանքը վերածել է դժոխքի` պարբերաբար ենթարկելով ծեծի:
Տեւական ժամանակ` 2012-2016 թթ. նա կնոջ հետ վիճաբանել է կենցաղային խնդիրների պատճառով` ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ հասցնելով նրա մարմնի տարբեր մասերին: Բռնությունների հետեւանքով կնոջը պատճառվել են տարբեր մարմնական վնասվածքներ`որոնց հետեւանքով նրա մոտ առաջացել է ծանրալսություն: Իսկ 2016 թվականի օգոստոս ամսին ամուսինը` ծնված 1958 թ., կնոջն սկսել է մեղադրել ամուսնական անհավատարմության մեջ, ու հենց զավակների ներկայությամբ ծեծել նրան, ապա վառարանի վրա տաքացրել ջուրն ու այն լցրել կնոջ վրա, որից հետո նույն վառարանի մեջ տաքացրել մետաղյա ձողը ու այն մոտեցրել իր երեխաների մոր մարմնի տարբեր մասերին` այդ կերպ վերջինիս առանձին դաժանությամբ պատճառելով ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանքներ:
Տղամարդը դատարանում իրեն մեղավոր չի ճանաչել, բայցեւ չի հերքել, որ ծեծել է:
Նա ցուցմունք տալով հայտարարել է , թե «ծեծել եմ, երբ որ պետք է եղել, լավ եմ արել, որ ծեծել եմ, ոչ միայն ծեծել, այլև ջարդել եմ նրան, քանի որ դրանով հանգստացել եմ»: Կնոջը ծեծելու համար չի փոշմանել և չի զղջացել` ընդգծելով, թե բոլոր տղամարդիկ ծեծում են իրենց կանանց: Ավելին` նա հայտարարել է, թե իր հայրն ու եղբայրը նույնպես ժամանակին ծեծել են իրենց կանանց:Իրենց հարևանները նույնպես ծեծել են և մեծ մասը բաժանված են իրենց կանանցից:
Նա իր գործողությունները պատճառաբանել է կնոջ դավաճանությամբ, թե , իբր, նրան երկու անգամ բռնել է իրեն դավաճանելիս, իսկ վերջին անգամ ծեծել է իր Ռուսաստան գնալուց 13 օր առաջ` 2016 թվականի օգոստոսի 26-ին: Ծեծելուց առաջ անձամբ կնոջը տեսել էր «պերեվալներում» մի տղամարդու հետ: Նրան ծեծել է իրենց երեխաների ներկայությամբ և երեխաներին ասել է, թե ինչու համար է ծեծում նրանց մորը:
Դաժան վերաբերմունքի արժանացած կինը հիմնականում միայնակ է հոգացել ընտանիքի հոգսը. անասուններ է պահել, անտառից հատապտուղներ կամ բույսեր հավաքել, քաղել ու վաճառել: Կնոջ պատմելով` 2012 թվականից սկսած ամուսինը տարբեր պատճառներով, օրինակ ծխախոտ չունենալու, կամ գյուղացիների կողմից իրեն ձրիակեր անվանելու, որեւէ տղամարդու կողմից կնոջը բարեւելու համար պարբերաբար վիճաբանել է հետը, մի քանի օրը մեկ ծեծի ենթարկել` ձեռքերով, ոտքերով կամ տարբեր առարկաներով հարվածներ է հասցնելով իր մարմնի տարբեր մասերին:
«Նա ծեծել է, թե անհիմն խանդից, թե տարբեր այլ պատճառներ բռնելով և միշտ ծեծել է տանը, նախապես փակելով բակի և տան դռները, որպեսզի դրսից որևէ մեկը չգա և տեսնի», – ասել է կինը ու նշել, որ երբեմն ծեծել է նաև իրենց երեխաների ներկայությամբ, սակայն երեխաները չեն համարձակվել նույնիսկ ճչալ, իսկ միջամտության փորձի դեպքում ծեծել է նաև նրանց:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: