Ներկա քաղաքական զարգացումները խաթարում են մեր միասնությունը. Մելանյա Բալայան
Ներկա ներքաղաքական զարգացումները մտահոգության տեղիք են տալիս, որովհետև ինչ-որ տեղ խաթարում են մեր միասնականությունը:
Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության փոխնախարար Մելանյա Բալայանը: «Ամենահնագույն ժամանակներից, երբ մեր ազգը միասնական էր բոլոր առումներով , մենք կարողանում էինք անել անհնարինը և դիմակայել գերհզոր հակառակորդներին, իսկ բոլոր այն ժամանակներում, երբ մենք կորցնում էինք մեր զգոնությունը, երբ մեր միասնությունն էինք խաթարում մեր իսկ ձեռքով ,ապա հզոր հաղթանակների կողքին ունենում էինք դառը կորուստներ: Գաղտնիք չէ, որ այդ ամենի արդյունքում մենք կորցրել ենք մեր հայրենիքի մի զգալի մասը:
Ենթարկվելով տարբեր ազգերի կողմից հարձակումների և ունենալով բազմաթիվ կորուստներ՝ մենք պետք է համոզվենք, որ ավելի հզոր ու միասնական պիտի լինենք, սակայն ասում ենք պարզապես խոսքերով և երբևիցե այն գործելակերպ չենք դարձնում մեզ համար: Անդրադառնալով ներկա ժամանակներին` կասեմ, որ այժմ էլ կցանկանայի` մեր բոլոր քաղաքական գործիչներն իրենց մեջ ուժ գտնեն, և մի կողմ դնելով անձնական ու քաղաքական ցանկություններն ու ձգտումները, միավորվեն ու համախմբվեն մեր ազգային պետականության շուրջ:
Բազմիցս ապացուցվել է, որ բոլոր ժամանակներում, երբ արտաքին թշնամին փորձել է մոտենալ մեր հայրենիքի սահմաններին, ողջ հայությունը համախմբված ու միասնական պայքարել է նրա դեմ: Բայց ինձ համար կարևոր է,որ մենք խաղաղ ժամանակներում նույնպես միասնական լինենք, որովհետև այդ միասնականությունը կնպաստի մեր պետականության հզորացմանը, իսկ հզոր պետականության շնորհիվ մենք կկարողանանք դիմակայել բոլոր փորձություններին: Գաղտնիք չէ, որ բոլոր երկրները զարգացման շատ ավելի արագընթաց տեմպեր ունեն և մենք նույնպես պետք է ձգտենք դրան: Բոլորիս նպատակն է ազգային պետականության հզորացումը, որը պետք է միավորի մեզ և բոլոր քաղաքական ուժերին:
Համենայն դեպս, ես դրական չեմ համարում մի փոքր պետության մեջ այսքան շատ կուսակցությունների առկայությունը: Բավարար եմ համարում 2-3 կուսակցությունների գործունեությունը, որոնք ունեն առողջ տրամաբանություն, ազգային գաղափարաբանություն և իրենց ծրագրերով ժողովրդին ոչ թե կտարանջատեն, այլ կենսական գաղափարներ կսերմանեն միասնական լինելու համար»,- ասել է Մ. Բալայանը: