«Ակնհայտորեն փորձ է կատարվում սևը սպիտակ և քննադատությունը քաջալերում ներկայացնել». Ռուբեն Մելիքյան

Արցախի Մարդու իրավունքների նախկին պաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Վարչապետի խոսնակը հայտարարել է, որ Վենետիկի հանձնաժողովի նախագահը Փաշինյանին ուղղված նամակում պատրաստակամություն է հայտնել աջակցել Հայաստանում դատաիրավական համակարգի վճռական բարեփոխումներին եւ «վեթինգի» իրականացմանը:

Կարդում եմ տեքստի վերաբերելի հատվածը. «Վենետիկի Հանձնաժողովը պատրաստակամ է օժանդակելու Ձեզ՝ Հայաստանի դատական համակարգի նկատմամբ վստահության վերականգնման նպատակով իրականացվելիք բարեփոխումների մշակման հարցում՝ հարգելով Հայաստանի սահմանադրությունն ու համապատասխան միջազգային չափանիշները»։

Ու՞ր է, որ պատրաստակամություն է հայտնել աջակցել վեթինգին։ Ավելին, նամակի որոշակի հատվածներ, դիվանագիտական լեզվից թարգմանած, խիստ, շատ խիստ քննադատություն են նշանակում։ Խոսքը վերաբերում է այս հատվածին.

«Սակայն, ես պետք է ընդգծեմ, որ Վենետիկի Հանձնաժողովը նաեւ հաստատում է, որ դատական համակարգի բարեփոխումներն անհրաժեշտ է մշակել եւ իրականացնել իրավական միջոցներով, համաձայն Սահմանադրության, եւ հաշվի առնելով օրենքի գերակայության եւ մարդու իրավունքների հարգանքի վերաբերյալ եվրոպական չափանիշները: Այդպիսի բարեփոխումները կարող են հասնել օրենքի գերակայության ամրապնդմանն ուղղված իրենց նպատակին եւ կարող են նպաստել ձեր երկրի ժողովրդավարական ձգտումների իրականացմանը միայն եթե այդ չափանիշները հարգված են:

Եթե Փաշինյանի կիրառած միջոցներն իրավական համարեին, ինչու՞ պետք է հատուկ ընդգծեին բարեփոխումները բացառապես «իրավական միջոցներով» իրականացնելու հրամայականը, ինչու՞ պետք է երկու անգամ շեշտեին գործընթացը ՀՀ Սահմանադրությանը համապատասխան իրականացնելու անհրաժեշտությունը։

Այսպիսով, ակնհայտորեն փորձ է կատարվում սևը սպիտակ և քննադատությունը քաջալերում ներկայացնել»:

Տեսանյութեր

Լրահոս