Բաժիններ՝

Երևանի քաղաքապետարանը կանցկացնի Մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի նախագծի բաց մրցույթ

Երևանի գլխավոր ճարտարապետը հանձնարարական է ստացել աշխատանքներ տանել Մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի նախագծի բաց մրցույթի կազմակերպման ուղղությամբ: Այս մասին հանձնարարվել է քաղաքապետարանի աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ:

Անդրադառնալով քաղաքապետարանների կարիքների համար հայտարարված գնման ընթացակարգերին՝ քաղաքապետ Մարությանն ընդգծել է, որ քաղաքապետարանն ուշադիր է լինելու առհասարակ բոլոր մրցույթում շահած բոլոր ընկերությունների կատարած աշխատանքի որակի հարցում: «Մարդիկ գալիս են, մասնակցում են՝ առանց գիտակցելու՝ ուր են մտնում, ինչ են անում, ինչ ծավալի գործ են իրենց վրա վերցնում, և վերջում պարզվում է, որ չեն կարողանում իրականացնել, և քիչ չեն այդ ընկերությունները, որոնք մեզ համար բավականին խնդիրներ են առաջացնում: Մեր կատարողականները հետ են ընկնում, այսինքն` մենք չենք կարողանում այն, ինչ պլանավորել էինք նախատեսված ժամկետներում, իրականացնել»,- նշել է քաղաքապետը:

Երևանի 2019թ. բյուջեով նախատեսված միջոցների շրջանակներում քաղաքապետարանի կարիքների համար հայտարարվել է նաև 748 գնման ընթացակարգ: Քաղաքապետին զեկուցվել է, որ արդեն իսկ ամփոփվել են 554 գնման ընթացակարգերը, որոնց արդյունքում, ընդհանուր առմամբ կնքվել են 8 մլրդ 614 մլն դրամի պայմանագրեր՝ 10 մլրդ 415 մլն դրամ նախահաշվային արժեքի դիմաց. տնտեսումները կազմել են 1 մլրդ 801 մլն դրամ:

Գնումների ընթացակարգերի օրենսդրական խոչընդոտների վերացման ուղղությամբ քաղաքապետարանը պատրաստել է առաջարկությունների փաթեթ, որով կխստացվեն մրցույթներում հաղթած ընկերությունների կողմից պայմանների խախտման հետևանքները: Նախատեսված են նաև երաշխիքների շեմի նվազեցումներ մինչև հնարավոր նվազագույն սահմանը, ինչպես նաև տույժերի չափաբաժինների ավելացում՝ մինչև 100 %-ով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս