«Գուցե մարդիկ կան, որոնց խանգարում եմ». Վազգեն Ռշտունի

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայրում «Դատավորների միությունը» ժողով է հրավիրել։ Դատավորների մեծ մասը չպատասխանեց լրագրողների հարցերին։

Մեզ հաջողվեց զրուցել դատավոր Վազգեն Ռշտունու հետ, ում անունն օրերս շրջանառվում էր Ալեքսանդր Ազարյանի ատենախոսության առնչությամբ։

Հիշեցնենք՝ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանը հերքում է Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանի այն հայտարարությունը, թե իր 160 էջանոց ատենախոսության մի մասն արտագրել է Վերաքննիչ դատարանի նախագահի Վազգեն Ռշտունու ատենախոսությունից։

Խոսելով վեթինգի մասին՝ Վազգեն Ռշտունին ասաց, որ միշտ էլ մամուլի կողմից վեթինգի ենթարկվում են, բայց խուսափեց թեմայի վերաբերյալ ավելին ասել՝ նշելով, որ ժողովում այն կքննարկվի։

Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի գործին, նա ասաց, որ դրա հետ որևէ առնչություն չունի, դատական ակտն ինքը չի գրել:

Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոփոխելու հարցում իր մասնակցության մասին լուրերի վերաբերյալ նա ասաց. «Եթե առաջին անգամ տրամաբանորեն կարող էին կապել ինձ հետ, որովհետեւ բողոքը քննվում էր Վերաքննիչ դատարանում, ինչ-որ տեղ կարելի էր հասկանալ։ Բայց այս դեպքում չեմ կարողանում հասկանալ, ես գործը քննող դատավորի հետ հարաբերություններ չունեմ»:

Իսկ հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ է իր անունը շոշափվում՝ նա պատասխանեց. «Գուցե մարդիկ կան, որոնց խանգարում եմ»։

Խոսելով դատական համակարգում վիրահատական միջամտության անհրաժեշտության մասին, նա ասաց, որ սխալներ ու բացթողումներ բոլոր ոլորտներում էլ կարող են լինել։

Նա նաև նշեց, որ իր ունեցվածքը հայտարարագրված է, թաքցնելու ոչինչ չունի։ Նաև տեղեկացրեց, որ իր ընտանիքը նախկինում զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ։

ԱՆԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս