«Ես ադրբեջանցի լրագրողի հարցը սադրանք չեմ համարում։ Շատ նորմալ հարց էր». Աննա Հակոբյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը Կոմիտասի թանգարան-ինստիտուտում ասուլիս տվեց՝ նվիրված ԱՄՆ «Իմ քայլը» և «Ժպիտների քաղաք» հիմնադրամների ղեկավարների ուղեկցությամբ աշխատանքային այցի արդյունքներին։
Հանրային հեռուստաընկերության հարցը՝ Աննա Հակոբյանին։
– Նման բովանդակությամբ տեքստ Դուք նաև Ալմաթիում ասացիք ադրբեջանցի լրագրողի հարցին։ Կցանկանայի իմանալ՝ նման սադրանքներ նորից եղե՞լ են հանդիպումների ընթացքում, թե՞ ոչ։
– Ճիշտն ասած՝ ես ադրբեջանցի լրագրողի հարցը սադրանք չեմ համարում։ Շատ նորմալ հարց էր։ Նորմալ չէր լինի, եթե այդտեղ գտնվելով՝ ադրբեջանցի լրագրողը և իր տեսադաշտում կամ հասանելի լինի հայաստանի վարչապետի տիկինը, որն առավել ևս ունի նման նախաձեռնություն, հարց չուղղեր ինձ դրա մասին։ Որևէ սադրանք, որևէ բան չի եղել, այդ հարցն էլ ես որպես սադրանք չընկալեցի, այլ սովորական հարց էր, որին պետք էր պատասխանել։ Ի վերջո, Ադրբեջանի ժողովուրդը նույնպես հետաքրքրված է, և հանրությունը նույնպես իրավունք ունի իմանալ՝ ինչ ենք մենք մտածում, ինչպես մենք կուզենանք իմանալ՝ ինչ են իրենք մտածում։ Էնպես որ նորմալ էր, ոչ մի խնդիր։
Հանրային հեռուստաընկերության հարցը՝ Էսթեր Դեմիրճյանին։
– Նոր բացվող մանկական հիվանդանոցի մասին մանրամասներ կասե՞ք։
– Հիվանդանոց չէ, բաժանմունք է, ինչի մասին մենք խոսում ենք, պալիատիվ բաժանմունք է կոչվում, որը նորից լինելու է Յոլյանի անվան արյունաբանական հիվանդանոցի տարածքում։ Հիվանդանոցի մի փոքր մասը, որը հիմա շատ անմխիթար վիճակում է, պետք է վերանորոգվի և բացվի՝ որպես առանձին ծառայություն։ Մանկական պալիատիվ ծառայություն այսօր Հայաստանում այդ կարգավիճակով գոյություն չունի, և մենք ուզում ենք դա ունենալ, որովհետև այն իսկապես շատ կարևոր է։ Ցանկացած մանկական քաղցկեղի կենտրոնի մի մասն այն պետք է կազմի պարտադիր, որովհետև դա ծանր փուլ է թե ընտանիքի, թե երեխայի համար, և եթե մենք կարողանանք մի փոքր մեղմել այդ ծանրությունը՝ ապահովելով այդ ծառայությունը, շատ ուրախ կլինենք դրա համար։
Մանրամասները՝ տեսանյութում։