Չեխիայում Անդրեյ Բաբիշի կուսակցությունը հաղթել է Եվրախորհրդարանի ընտրություններում
«Դժգոհ քաղաքացիների արկցիա» աջ կենտրոնամետ քաղաքական շարժումը, որը գլխավորում է Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը, հանրապետությունում ամենամեծ հաջողությունն է գրանցել Եվրախորհրդարանի (ԵԽ) ընտրություններում: Այդ մասին են վկայում քվեարկության արդյունքները, որոնք մայիսի 27-ին տարածել է Չեխիայի վիճակագրական վարչությունը։
Ընտրողները նաեւ զգալի աջակցություն են ցույց տվել կառավարությանն ընդդիմադիր Քաղաքացիական դեմոկրատական կուսակցության եւ Պիրատական կուսակցության ներկայացուցիչներին: Դրանք աջ ուղղվածության քաղաքական ուժեր են: Ընտրություններում ջախջախիչ պարտություն են կրել ձախ ուժերը:
«Դժգոհ քաղաքացիների ակցիան» կզբաղեցնի Եվրախորհրդարանում Չեխիային պատկանող 21 աթոռներից վեցը, որտեղ ներկայացված են 750 պատգամավորներ կազմակերպության 28 անդամ պետություններից: Քաղաքացիական դեմոկրատական կուսակցությունն ստացել է չորս պատգամավորական մանդատ, «պիրատները»՝ երեք:
Յոթ աթոռ միմյանց միջեւ բաժանել են ազգային խորհրդարանում ներկայացված եւս երեք ավելի մանր աջ ընդդիմադիր կուսակցություններ: Եվրախորհրդարանում չեխական ձախ ուժերի ներկայացուցչությունը սահմանափակվել է մեկ պատգամավորով: Ընտրողների մասնակցությունը կազմել է 28,72 տոկոս, հաղորդել է ՏԱՍՍ-ը: