Բաժիններ՝

 Աննա Հակոբյանը՝ օլիգարխների՝ Սասի Արտակի, Լֆիկ Սամվելի նվիրատվությունների մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը Կոմիտասի թանգարան-ինստիտուտում ասուլիս էր հրավիրել՝ նվիրված ԱՄՆ «Իմ քայլը» և «Ժպիտների քաղաք»  հիմնադրամների ղեկավարների ուղեկցությամբ աշխատանքային այցի արդյունքներին։

«168 Ժամ» օրաթերթի հարցը՝ Աննա Հակոբյանին։

Ուզում եմ անդրադառնալ Ձեր հիմնադրամի մի քանի նվիրատուներին, մասնավորապես՝ Արտակ Սարգսյանին, Սամվել Ալեքսանյանին։ Նախկինում, երբ նրանք բարեգործական նպատակով որևէ հիմնադրամի նվիրատվություն էին կատարում, այն ժամանակ ձեր ամուսնու՝ ընդդիմադիր գործիչ Նիկոլ Փաշինյանի կողմից քննադատությունների էին ենթարկվում՝ նշելով, որ այդ կերպ այդ օլիգարխները ցանկանում են հաճոյանալ իշխանություններին, օգտվել արտոնություններից։ Այսօր, երբ այդ նույն մարդիկ նվիրատվություն են կատարում ձեր հիմնադրամին, ինչպե՞ս եք դուք դա մեկնաբանում։ Արդյո՞ք նույն նպատակը չեն հետապնդում, և արդյո՞ նրանք այսօր նույնպես օլիգարխ չեն։

– Ձեր հարցին ի պատասխան՝ ուզում եմ ուղղակի բոլորիս խորհուրդ տալ… Այդ մասին արդեն ամուսինս էլ է բազմիցս խոսել, որ պետք է, ի վերջո, ազատվենք այդ համեմատականից, և նախկինում տեղի ունեցած երևույթները ներկա իշխանությունների ու ներկա հարաբերությունների վրա պրոյեկտելու այդ ցանկությունից կամ սովորությունից։ Ես ուզում եմ խորհուրդ տալ մի պատճառով, որ դրանով կխնայենք մեր ժամանակը, մեր ռեսուրսը, որովհետև համարում եմ կատարյալ անիմաստ զբաղմունք։ Օրինակ, հիմա ես դրա մասին այս ասուլիսի ժամանակ կխոսեմ 5 րոպե երևի, դա ես համարում եմ անտեղի կորսված ժամանակ։ Դուք ձեր լրատվամիջոցի էջերում դրա մասին անընդհատ կգրեք հոդված, ես դա համարում եմ անտեղի ժամանակի, ռեսուրսի վատնում, և այլն, և այլն։

Չկա այդպիսի բան, չկա ու չի կարող լինել։ Մեր երկու հիմնադրամներին նվիրատվություն անել ազատ են բոլորը։ Նույն տրամաբանությամբ ես Ձեզ կարող եմ ասել, որ հիմնադրամին նվիրատվություն անելը նախկինում եղել է մոնոպոլիա, այսինքն՝ ոչ բոլորն են իրավունք և հնարավորություն ունեցել պետության ղեկավարի տիկնոջ ղեկավարած հիմնադրամին անել նվիրատվություն։ Եվ երբեմն մեր հանդիպումների ժամանակ մարդիկ շատ հեռվից են մոտենում, այսինքն՝ նույնիսկ միջնորդներով են ուզում ճշտել՝ կարո՞ղ են… Ուզում են անել, բայց կարո՞ղ են անել, թե՞ դա կրկին ինչ-որ բան է նշանակում, կամ ինչ-որ մարդիկ իրավունք ունեն հիմնադրամին նվիրատվություն անել, ինչ-որ մարդիկ չունեն։ Մենք առաջին իսկ օրվանից ասել ենք, որ չունենք նման որևէ բարդույթ, ոչ նախկին մարդկանց, ոչ ներկա, ոչ ապագա, ոչ մեկի հետ։ Մենք ներկայացնում ենք բոլորին մեր արած աշխատանքը, մեր անելիք աշխատանքը, մեր նպատակները, ներկայացնում ենք մանրամասն, և բոլորի նվիրատվությունների համար շնորհակալ ենք, որովհետև դա ծառայելու է այդ նպատակների իրագործմանը։ Դա կլինի թոշակառուի 2000 դրամ, որովհետև նախորդ ասուլիսում ասել եմ՝ 1000 դրամով անգամ նվիրատվություն ունենք մեր հաշվեհամարներին, թե կլինի Ձեր նշած մարդկանց նվիրատվությունները, թե այն մյուս համագործակցությունները, որի մասին դուք բոլորդ տեղյակ եք, ինչպես խանութներում այդ բոքսերի (նկատի ունի սուպերմարկետներում տեղադրված դրամահավաքի տուփերը,- Ա.Վ.) տեղադրումը, և տարբեր համագործակցություններ։

Ուզում եմ ասել, որ մենք մեր հիմնադրամով նոր մշակույթ ենք ուզում բերել այս ոլորտում, մշակույթ, որ Հայաստանում դեռևս չի եղել։ Այ, մենք գնացինք Միացյալ Նահանգներ, և «Սենթ Ջյութ» հոսպիտալի հիմնադրամի հետ զրույցի ժամանակ պարզեցինք, որ ունեն 11 միլիոն դոնոր, 11 միլիոն մարդ ամսական 25 դոլար է տալիս։ Դա այն է, ինչին որ մենք կցանկանանք հասնել։ Դա միանգամից չի լինի, որովհետև մարդիկ պետք է սովորեն, մարդիկ պետք է տեսնեն, հասկանան՝ ինչի համար են այս հիմնադրամները, պետք է ցանկություն ունենան, բայց այդ մշակույթը Հայաստանում չկա, և հիմնադրամը քաղաքականացվում է, այդպիսի խոսակցությունների առիթ է տալիս, այնինչ սա այդ դեպքը չէ, դա մենք չենք, դա մեզ հետ ընդհանրապես կապ չունի, և եկեք հետագայում գոնե խնայենք ժամանակն ու այլ հարցեր քննարկենք։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս