Մակրոնն Ազգային ժողովը չի արձակի Եվրախորհրդարանի ընտրությունների արդյունքներով
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մտադիր չէ երկրի Ազգային ժողովն (խորհրդարանի ստորին պալատ) արձակել Եվրախորհրդարանի ընտրությունների արդյունքներով: Այդ մասին BFM հեռուստաալիքի եթերում հայտարարել է պետքարտուղար, Ֆրանսիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Սիբետ Նդիայը:
«Նախագահը չի արձակի Ազգային ժողովը,-նշել է նա:-Ընտրությունների արդյունքները դա անել չեն պարտավորեցնում»: Նդիայը նշել է, որ «երկրում չկա քաղաքական ճգնաժամ»: Ընտրությունները, որոնք ցուցադրում են ընտրողների ակտիվության աճը, նախագահ Մակրոնի պարտությունը չեն»,-ընդգծել է պետքարտուղարը:
Նդիայն ընդունել է, որ «Հառաջ, հանրապետություն» կառավարող կուսակցությունը մեկ տոկոսով պակաս ձայն է ստացել ընտրություններում, քան Մարին լե Պենի «Ազգային միավորումը», սակայն կուսակցությունները նույն քանակությամբ՝ 23-ական մանդատ կունենան Եվրոպական խորհրդարանում:
Հանրապետության ՆԳ նախարարության տարածած տվյալների համաձայն, «Ազգային միավորումը» ձայների 23,31 տոկոս արդյունքով զբաղեցնում է առաջին տեղը, նրան հաջորդում է «Հառաջ, հանրապետություն» կառավարող կուսակցությունը՝ ձայների 22,41 տոկոսով: Երրորդ տեղն զբաղեցրել է ձախ արմատական «Եվրոպա-էկոլոգիա-Կանաչներ» (EELV) կուսակցությունը՝ 13,47 տոկոսով:
Չորրորդ տեղը բաժին է հասել «Հանրապետականներին», որոնք հավաքել են 8,48 տոկոս: Ժան-Լյուկ Մելանշոնի «Անկոտրում Ֆրանսիան» ձայների 6,31 տոկոսով զբաղեցրել էԷ հինգերորդ հորիզոնականը, Սոցիալիստական կուսակցությանը բաժին է հասել վեցերորդ տեղը. նա ստացել է 6,19 տոկոս:
Մնացած կուսակցությունները չեն հաղթահարել հինգ տոկոսի շեմը եւ զրկվել են Եվրախորհրդարանում մանդատների հավակնելու հնարավորությունից, հաղորդել է ՏԱՍՍ-ը: