
«Ես չեմ ցանկանում վնաս պատճառել Իրանին». Թրամփ

ԱՄՆ-ը ձգտում է այն բանին, որ Իրանը լինի ոչ միջուկային պետություն, եւ մտադիր չէ փոխել իշխանությունն այդ երկրում: Այդ մասին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 27-ին հայտարարել է մամուլի ասուլիսում, որը նվիրված էր Տոկիոյում Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեյի հետ նրա անցկացրած բանակցությունների արդյունքներին:
«Ես չեմ ցանկանում վնաս պատճառել Իրանին, ես ցանկանում եմ, որ Իրանը միջուկային զենք չունենա: Իրանը տնտեսական մեծ ներուժ ունի, եւ ես կանխավայելում եմ այն պահը, երբ մենք կկարողանանք նրանց թույլ տալ վերադառնալու համաշխարհային ասպարեզ: Իրանը հիանալի երկիր դառնալու մեծ հնարավորություններ ունի նույն ղեկավարությամբ: Մենք մտադիր չենք իշխանություն փոխել այնտեղ, ես ցանկանում եմ, որ դա հասկանալի լինի»,- նշել է նա:
Թրամփի խոսքով՝ Իրանը ներկայում տնտեսական խնդիրներ ունի սահմանված պատժամիջոցների պատճառով: Ընդսմին նախագահը հույս է հայտնել, որ Թեհրանը ի վերջո կգնա գործարքի, եւ իրադրությունը կհաջողվի կարգավորել:
Ինչպես մայիսի 20-ին հայտնել է Al Jazeera հեռուստաալիքը, Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հայտարարել է, որ Միացյալ Նահանգներն առնվազն տասը անգամ իր երկրին առաջարկել է բանակցային գործընթաց սկսել: Սակայն, նրա համոզմամբ՝ «այսօրվա պայմանները հարմար չեն երկխոսություն սկսելու համար»:
Ռոուհանիի խոսքով՝ Իրանն «այժմ ապրում է տնտեսական պատերազմի վիճակում, եւ պայմանները պահանջում են դիմադրություն ցույց տալ գործադրվող ճնշմանը»: Նա հայտարարել է, որ Իրանը չի համաձայնի ԱՄՆ-ի հետ այնպիսի բանակցությունների, որոնք նրան կպարտադրվեն ուժով, հաղորդել է ՏԱՍՍ-ը: