Իտալիայի «Լիգա» կառավարող կուսակցությունը հաղթանակ է տարել Եվրախորհրդարանի ընտրություններում
Իտալիայի կառավարող կոալիցիայի մեջ մտնող «Լիգա» կուսակցությունը հաղթել է Եվրախորհրդարանի (ԵԽ) ընտրություններում: Գրեթե բոլոր քվեաթերթիկների հաշվարկի արդյունքներով՝ «Լիգան» հավաքել է քվեների 34,3 տոկոսը: Այս տվյալները մայիսի 27-ին նշված են ներքին գործերի նախարարության կայքում, որը կատարում է ընտրական հանձանաժողովի գործառույթները։
Այսպիսով փոխվարչապետ եւ ՆԳ նախարարության ղեկավար Մատեո Սալվինիի կուսակցությունը երկրում առաջինն է դարձել ժողովրդականության ցուցանիշով եւ զգալիորեն ամրապանդել է իր դիրքերը Եվրոպայի օրենսդիր մարմնում: ԵԽ-ի անցյալ գումարմանը «Լիգան» ուներ հինգ տեղ, ներկայիս գումարմանը կուսակցությանը պետք է անցնի գրեթե վեց անգամ ավելի տեղ:
Ընդամենն Իտալիան առաջին փուլում կներկայացնի 73 եվրապատգամավոր, իսկ Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու գործընթացի ավարտից հետո հանրապետությանը բաժին կհասնի եւս երեք տեղ:
«Լիգայի» առաջնորդը՝ փոխվարչապետ եւ ՆԳ նախարարության ղեկավար Մատեո Սալվինին, որը հայտնի է իր քննադատական վերաբերմունքով Եվրամիության ղեկավար մարմինների ներկայիս կառուցվածքի նկատմամբ, արդեն հայտարարել է ապագա ԵԽ-ում Մարին Լը Պենի ֆրանսիական «Ազգային միավորման», Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի, ինչպես նաեւ Նայջել Ֆարաջի հետ սերտորեն համագործակցելու մտադրության մասին, որի Brexit կուսակցությունն ընտրությունների առաջատարն է Մեծ Բրիտանիայում:
Երկրորդ տեղում է ընդդիմադիր Դեմոկրատական կուսակցությունը, որը 22,7 տոկոսով առաջ է անցել երկրորդ կառավարող կուսակցությունից՝ «5 աստղերի «Շարժումից», որի արդյունքը հազիվ է հասել 17 տոկոսի: Բացի դրանից, ապագա Եվրախորհրդարան է անցել նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի «Հառա՜ջ, Իտալիա» կուսակցությունը, որը հավաքել է 8,7 տոկոս, հաղորդել է ՏԱՍՍ-ը: