Պուչդեմոնը պատգամավորական մանդատ կստանա Եվրախորհրդարանում
Կատալոնիայի Ժեներալիտետի նախկին նախագահ Կառլես Պուչդեմոնը, որն Իսպանիայի արդարադատությունից թաքնվում է Բելգիայում, եւ նրա նախկին տեղակալ Օրիոլ Ժունկերասը, որը նախնական կալանքի մեջ գտնվում է իսպանական բանտում, պատգամավորական մանդատներ կստանան Եվրախորհրդարանում: Այդ մասին վկայում են ընտրությունների նախնական արդյունքները, որոնք հրապարակվել են քվեարթերթիկների 96 տոկոսի տվյալների անփոփումից հետո:
Պուչդեմոնն առաջինն է կատալոնական Lliures per Europa (Ազատները Եվրոպայի համար) կոալիցիայի ցուցակում: Այս կոալիցիան, մայիսի 26-ի քվեարկության արդյունքներով, ստանում է այն 54 տեղից երկուսը, որոնք Իսպանիան ունի ԵԽ-ում: Այս կոալիցիայից Եվրախորհրդարան է անցնում նաեւ Ժեներալիտետի նախկին անդամ Տոնի Կոմինը, որը նույնպես իսպանական արդարադատությունից թաքնվում է Բելգիայում:
Երկրում ԵԽ-ի ընտրությունները շահել է Իսպանիայի սոցիալիստական աշխատավորական կուսակցությունը, որն ստացել է 20 մանդատ: Երկրորդ տեղում՝ 12 մանդատով, Ժողովրդական կուսակցությունն է: Առաջին անգամ Եվրախորհրդարան է անցել ծայրահեղ աջ VOX-ը (երեք մանդատ), հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: