Բաժիններ՝

«Տեսնենք՝ ինչ կստացվի, ոչ ոք չի ցանկանում, որ ահավոր բաներ լինեն». Թրամփ

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հավանություն է տվել հունիսին միջնորդական առաքելութամբ Իրան այցելելու Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի մտադրությանը՝ նպատակ ունենալով հարաբերությունների նորմալացումը Վաշինգտոնի եւ Թեհրանի միջեւ: Այդ մասին հայտնել է Yomiuri թերթը՝ վկայակոչելով կառավարական աղբյուրներ:

Նրանց տվյալներով՝ Աբեն իր ծրագրի մասին Թրամփին հայտնել է նախօրյակին համատեղ գոլֆ խաղալու եւ Տոկիոյում ոչ պաշտոնական ընթրիքի ընթացքում: Ներկայում ԱՄՆ-ի նախագահը պետական այցով գտնվում է Ճապոնիայում:

Kyodo գործակալության տվյալներով՝ վարչապետի՝ Թեհրան հնարավոր ուղեւորության հարցը քննարկվել է մայիսի 24-ին Տոկիոյում ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջոն Բոլթոնի հետ Սինձո Աբեի զրույցի ընթացքում:

Մինչ այդ մայիսի 16-ին Աբեն Տոկիոյում բանակցություններ է վարել Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի հետ: Ճապոնիայի վարչապետը, այդ կապակցությամբ նշում է Kyodo-ն, մտադիր է հնարավոր միջնորդական առաքելության համար օգտագործել ինչպես Վաշինգտոնի, այնպես էլ Թեհրանի հետ իր լավ հարաբերությունները:

Իրան Աբեի այցը կարող է տեղի ունենալ 2019 թվականի հունիսի 12-14-ին: Նախորդ անգամ Ճապոնիայի կառավարության ղեկավարն Իրան է այցելել 1978 թվականին:
Թերթի աղբյուրների տվյալներով՝ Թրամփը պաշտպանել է Ճապոնիայի վարչապետի՝ Թեհրան այցի մտադրությունը եւ ցանկություն է հայտնել, որ այն շուտ կայանա:

Մայիսի 27-ին Աբեի հետ բանակցությունների սկսվելուց առաջ Թրամփը հայտարարել է, թե ԱՄՆ-ի կարծիքով՝ Իրանը ցանկանում է բանակցել Վաշինգտոնի հետ, եւ եթե Թեհրանը համապատասխան պատրաստակամություն հայտնի, Միացյալ Նահանգները դրականորեն կարձագանքի այդ առաջարկին:

«Ես հավատում եմ, որ Իրանը ցանկանում է բանակցություններ վարել: Եթե Իրանը ցանկանում է բանակցություններ վարել մեզ հետ, մենք եւս կցանկանայինք բանակցություններ վարել: Տեսնենք՝ ինչ կստացվի, ոչ ոք չի ցանկանում, որ ահավոր բաներ լինեն»,- ասել է նա:

Նույն դիրքորոշումը ԱՄՆ-ի ղեկավարը մայիսի 20-ին ներկայացրել էր Սպիտակ տան մարգագետնում լրագրողների հետ զրույցում:

«Տեսնենք՝ ինչ տեղի կունենա: Եթե նրանք զանգահարեն մեզ, ապա մենք, անտարակույս, բանակցություններ կվարենք, բայց դա կախված է նրանցից: Ես միայն ցանկանում եմ, որ նրանք զանգահարեն, եթե պատրաստ են, իսկ եթե նրանք պատրաստ չեն, այդժամ կարիք չկա ինձ անհանգստացնելու»,- ընդգծել է նախագահը: Նա հավելել է, որ ներկայում «Իրանի հետ բանակցություններ չեն անցկացվում»:

Պետության ղեկավարը վերստին նախազգուշացրել է Իրանի իշխանություններին ԱՄՆ-ի նկատմամբ սադրիչ գործողություններից ու սպառնալիքներից, թեպետեւ նշել է Թեհրանի նման գործելակերպի որեւիցե նշանի բացակայությունը:

Ինչպես ավելի վաղ հայտնել է Al Jazeera հեռուստաալիքը, Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հայտարարել է, որ Միացյալ Նահանգներն առնվազն տասը անգամ իր երկրին առաջարկել է բանակցային գործընթաց սկսել: Սակայն, նրա համոզմամբ՝ «այսօրվա պայմանները հարմար չեն երկխոսություն սկսելու համար»:

Ռոուհանիի խոսքով՝ Իրանն «այժմ ապրում է տնտեսական պատերազմի վիճակում, եւ պայմանները պահանջում են դիմադրություն ցույց տալ գործադրվող ճնշմանը»: Նա հայտարարել է, որ Իրանը չի համաձայնի ԱՄՆ-ի հետ այնպիսի բանակցությունների, որոնք նրան կպարտադրվեն ուժով, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս