Ցիպրասը հայտարարեց Հունաստանում վաղաժամկետ խորհրդարանական ընտրությունների անցկացման մասին
Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը մայիսի լույս 27-ի գիշերը հայտարարել է երկրում վաղաժամկետ խորհրդարանական ընտրությունների անցկացման մասին:
Կառավարության ղեկավարն այդ հայտարարությունն արել է այն բանից հետո, երբ իր գլխավորած Արմատական ձախ ուժերի կոալիցիա (ՍԻՌԻԶԱ) կառավարող կուսակցությունը ժողովրդականությամբ մոտավորապես 9 տոկոսով զիջել է «Նոր դեմոկրատիա» գլխավոր ընդդիմադիր կուսակցությանը Եվրախորհրդարանի՝ մայիսի 26-ին կայացած ընտրություններում:
Միաժամանակ մայիսի 26-ին անցակացվել է նաեւ քաղաքների քաղաքագլուխների, տարածաշրջանների նահանգապետերի եւ մունիցիպալ ու տարածաշրջանային խորհուրդների անդամների ընտրությունների առաջին փուլը: Երկրորդ փուլը կկայանա հունիսի 2-ին:
«Տեղական մարմինների ընտրությունների երկրորդ փուլից անմիջապես հետո ես Հունաստանի նախագահին կխնդրեմ հայտարարել համազգային ընտրություններ»,- հայտարարել է Ցիպրասը ազգին հղած հատուկ ուղերձում:
«Ներկայիս ընտրությունների արդյունքը, չնայած այն փաստին, որ ՍԻՌԻԶԱ կուսակցության՝ որպես քաղաքական պայքարում գլխավոր գործող անձի դիրքն ուժեղանում է, չի համապատասխանում մեր ակնկալիքներին: Դա ինձ չի բավարարում, ես չեմ անտեսում դրանց արդյունքը, ես երբեք դա չեմ արել եւ այժմ էլ դա չեմ անի»,- ասել է Ցիպրասը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: