Թրամփը դարձավ առաջին օտարերկրյա ղեկավարը, որը հանդիպեց Ճապոնիայի Նարուհիտո կայսեր հետ
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն իր տիկնոջ՝ Մելանյայի հետ մայիսի 27-ին ժամանել է Տոկիոյի կենտրոնում գտնվող կայսերական պալատ, որտեղ հանդիպում է անցկացրել Ճապոնիայի նոր կայսր Նարուհիտոյի եւ կայսրուհի Մասակոյի հետ: Այդ մասին ասված է Ճապոնիա Թրամփի այցի լուսաբանման լրագրողների հատուկ միավորման հաղորդագրության մեջ:
Միացյալ Նահանգների նախագահը դարձել է առաջին օտարերկրյա ղեկավարը, որն ունկնդրության է արժանացել Ճապոնիայի նոր միապետի մոտ:
«Ես կարծում եմ, որ ԱՄՆ-ին եւ Ճապոնիային հաջողվել է հիանալի հարաբերություններ կառուցել այն բանից հետո, երբ մենք զանազան պատմական իրադարձություններ ապրեցինք, ներառյալ պատերազմը»,- մեջբերում է Kyodo գործակալությունը Թրամփի խոսքը Նարուհիտոյի հետ կայացած հանդիպմանը:
Կայսրն իր հերթին շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ի ղեկավարին, որ նա դարձել է առաջին հյուրն իր գահակալումից հետո:
Ավելի վաղ նշվել է, որ Միացյալ Նահանգների ղեկավարը Ճապոնիա է ժամանել 1992 թվականից ի վեր ամենաերկարատեւ պետական այցով: Այցի ընթացքում, բացի գործարար հարցերից, նա հասցրել է գոլֆ խաղալ Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի հետ եւ այցելել սումոյի մրցախաղ: Թրամփի պետական այցը կտեւի մինչեւ մայիսի 28-ը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: