Բաժիններ՝

«4 ամիս ժամանակ տան՝ բոլորը երջանիկ կլինեն». շարժական սրճարանների ոլորտի ներկայացուցիչների առաջարկը՝ Կառավարությանը

Շարժական սրճարանների հարցը ոչ միայն դեռ չի լուծվել, այլև դրան գումարվել են ամեն ամիս  ստացվող տուգանքները:

Մայիսի 2-ին ՀՀ Կառավարության շենքի դիմաց իրականացրած բողոքի ակցիայի ժամանակ  շարժական սրճարանների ոլորտի ներկայացուցիչները պահանջում էին, որպեսզի բոլոր 47 շրջիկ կետերը թույլտվություն ունենան աշխատելու, մինչ օրենքը կկարգավորվի:

Այդ օրը հանդիպում կայացավ ՀՀ վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանի հետ, ով խոստացել էր փոխանցել Փաշինյանի պատասխանը՝ կապված էլեկտրաէներգիայի հարցի հետ:

«Ավելի ուշ ստացանք վարչապետի բացասական պատասխանը, այն է՝ եթե շարժական սրճարան է, ապա լարանցում չպետք է ունենա:

Մենք հիմա շարունակում ենք աշխատել գեներատորներով, որի համար ամեն օր ամենաքիչը 10.000 դրամ ծախս է պահանջվում: Զուտ հաճախորդ չկորցնելու համար աշխատում ենք, որպեսզի մեր արած գործը ջուրը չընկնի: Հիմա մենք առաջարկում ենք, որ ժամանակավոր՝ 4 ամսով,  թույլտվություն տան առանց կողմնապահության բոլոր շրջիկ կետերին, մինչև օրենքը կընդունվի»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Շարժական սրճարանների միության» հիմնադիր Արեն Մելիքյանը:

«Մեկ շաբաթում թույլտվություն ստանալու համար թող հավաքեն բոլոր դիմումներն ու այդ օրվանից ոչ մեկի այլևս չտրամադրեն: Դա կլուծի երկու հարց. բոլորը կշարունակեն աշխատել ու էլ չեն շատանա: 4 ամիս հետո նոր կուսումնասիրեն բոլոր նորմերին համապատասխանելիությունը, հիգիենան, սննդային անվտանգությունը: 4 ամիս ժամանակ տան՝ բոլորը երջանիկ կլինեն: Ոչ կգան կտուգանեն ու հայհոյանքներ կլսեն, ոչ մարդիկ կդժգոհեն, որ այս սեզոնին չեն աշխատում, ոչ էլ քաղաքացիները դռդռացող գեներատորների կողքով կանցնեն»,- մանրամասնեց Արեն Մելիքյանը:

Նրա փոխանցմամբ՝ շատերին շարունակում են տուգանել:

«Մարդ կա՝ արդեն երրորդ անգամ է տուգանվում 80.000 դրամով՝ սննդի լիցենզիա չունենալու և հանրային սննդով զբաղվելու համար»,- նշեց «Շարժական սրճարանների միության» հիմնադիրը:

Հիշեցնենք, որ ապրիլի 19-ին Քաղաքապետարանի «Առևտրի վարչությունն» ու ՀԷՑ-ը շարժական առևտրով զբաղվող տնտեսվարողներին զրկել են էլեկտրականությունից: Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի հանձնարարությամբ գույքագրվել են մայրաքաղաքում առկա շրջիկ առևտրի կետերը: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ Երևանում գործունեություն է ծավալում նմանատիպ 47 մեքենա: Գույքագրման և համատեղ ստուգայցերից հետո առաջացել են հիմնավոր կասկածներ առ այն, որ շրջիկ առևտրի կետերն իրենց գործունեությունն իրականացնում են տեխնիկական անվտանգության և բնապահպանական նորմերի խախտմամբ: Զեկուցվել է նաև, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն արդեն իսկ ապամոնտաժել է անօրինական լարանցումները:

«Մենք մի կողմից՝ փորձում ենք ամբողջ քաղաքում կրպակները հանել, որոնք փաստացի խանգարում են Երևանի բնականոն զարգացմանը, մարդկանց տեղաշարժին, հիմա էլ այդ նույն կրպակներից դնում են մեր ավտոկայանատեղիների վայրերում: Շարժական առևտուրը հենց նրանով է շարժական, որ ամեն օր տարբեր վայրերում ես առևտուր իրականացնում:

Եվ շարժական մեքենան, այո, որևէ լարանցում չպետք է ունենա: Այդ պարագայում ևս ստացվում է, որ եկել են կայանել երկարատև գործունեության համար: Ես լսել եմ, որ դժգոհություն կա տնտեսվարողների կողմից, բայց այդ դժգոհությունն ամենևին էլ տեղին չէ, որովհետև մենք թույլ չենք տալու, որ նոր կրպակներ առաջանան, այն էլ՝ արդեն ավտոկայանատեղիներում: Ոչ մի տարբերություն չկա կցորդի և կրպակի միջև, որն ուղղակի անիվներ ունի: Մենք քաղաքը տանում ենք առաջ, չենք տանում հետ՝ 90-ականների, որ ով, որտեղ, ինչ ուզում՝ դնում էր և սկսում էր վաճառել»,- ընդգծել է Հայկ Մարությանը:

Երևանում շրջիկ առևտրի կետերի գործունեությունը կանոնակարգելու նպատակով քաղաքապետարանը հանդես է եկել օրենսդրական փոփոխությունների նախաձեռնությամբ: Օրենքի ընդունումից հետո ավագանին կտա բոլոր չափորոշիչները և գոտիավորումը, ինչպես նաև՝ ժամերը և օրերը:

ԱՆԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս