Բաժիններ՝

Boeing 737 MAX ինքնաթիռները կարող են ԱՄՆ-ում թռիչքները վերսկսել հունիսի վերջին. Reuters

ԱՄՆ-ի Քաղաքացիական ավիացիայի դաշնային վարչության (FAA) ներկայացուցիչներն ակնկալում են, որ ԱՄՆ-ում Boeing 737 MAX ինքնաթիռների թռիչքները կվերսկսվեն հունիսի վերջին: Այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը վկայակոչելով երեք աղբյուր: Ինչպես նշվում է, Boeing 737 ինքնաթիռների շահագործման վերսկսման ստույգ ամսաթիվը դեռեւս որոշված չէ:

Համապատասխան տեղեկատվությունը FAA-ի ներկայացուցիչների կողմից հնչեցվել է Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ՔԱՄԿ) Մոնրեալի կենտրոնակայանում մայիսի 23-ին կայացած ոչ պաշտոնական բրիֆինգի ընթացքում:

ՔԱՄԿ-ում ՏԱՍՍ-ի թղթակցին հաստատել են, որ նման հանդիպում կայացել է, բայց հրաժարվել են մանրամասնություններ բացահայտել: Ավելի վաղ ԱՄՆ-ի Քաղաքացիական ավիացիայի դաշնային վարչության ղեկավար Դենիել Էլուելը հայտարարել է, որ 737 MAX ընտանիքի ինքնաթիռների թրիչքների վերականգնման համար Boeing Co ընկերության կողմից թույլատրագրերի ստացումը կարող է տեւել մի քանի ամիս:

Նրա խոսքով՝ FAA-ն դեռ սպասում Է, որ Boeing-ը պաշտոնապես ներկայացնի ծրագրային ապահովման նորացումը, որը կօգնի խուսափելու այն խնդիրներից, որոնք աղետների հանգեցրեցին անցյալ տարի Ինդոնեզիայում եւ ընթացիկ տարում Եթովպիայում, հայտարարել է Էլուելը՝ Տեխասում 30 միջազգային ավիակարգավորիչների ներկայացուցիչների հանդիպման նախօրյակին:

Ընդհանուր առմամբ այդ երկու աղետներում զոհվել է346 մարդ: Վարչությունն առայժմ չի որոշել, թե անհրաժեշտ կլինի արդյոք, որ օդաչուները պարտադիր կարգով վերապատրաստում անցնեն թռիչքների սիմուլյատորների վրա նորացման թողարկումից հետո: Եթե դա անհրաժեշտ համարվի, թռիչքների վերսկսումը կարող է զգալիորեն ձգձգվել, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս