«Եկել է դաշնակիցների հետ անկեղծ խոսելու ժամանակը». Հրանտ Մելիք-Շահնազարյան

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանի խոսքով՝ հայ-ռուսական հարաբերություններում խնդիրը ոչ միայն այն է, որ այդ հարաբերությունները զարգանում են իներցիայով, այլև Հայաստանի գործընկերները՝ լինեն Ռուսաստանում, Արևմուտքում, թե տարածաշրջանում շահ հետապնդող այլ երկրներում, մշտապես փորձում են ինչ-որ նախաձեռնություններ տեսնել։

«Բազմիցս առիթ եմ ունեցել պատասխանելու ռուս, եվրոպացի փորձագետների այն հարցերին, թե ի՞նչ կարող է Հայաստանն առաջարկել իրենց, ի՞նչ ծրագրեր կարող է մշակել, որպեսզի հետաքրքիր լինի Ռուսաստանի ու Եվրոպայի համար, որի շրջանակներում կիրականացնեն համագործակցություն և կգրանցեն արդյունքներ»,- այսօր «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի կողմից կազմակերպված «Հայաստան-Ռուսաստան նոր հեռանկարներ փնտրելիս» քննարկման ժամանակ ասաց Հրանտ Մելիք-Շահնազարյանը։

Նրա խոսքով՝ այսօր տարածաշրջանում կա մեկ երկիր՝ Վրաստանը, որի վրա Հայաստանն ունի ներազդելու լուրջ լծաներ, սկսած՝ ժողովրդագրական ու ընդանուր սպառնալիքներին դիմակայելու հնարավորություններից։ Սակայն Վրաստանն այսօր տարածաշրջանում իրականացնում է մի քաղաքականություն, որը Հայաստանին դարձնում է իր գերին, օրինակ, կարող է պատերազմ հայտարարել Ռուսաստանին՝ չմտածելով, որ դրա հետևանքով Հայաստանը բոլոր առումներով կհայտնվի շրջափակման մեջ։

Ըստ նրա, Վրաստանի առումով՝ կա հստակ պարտադրանք Թուրքիայի և Ադրբեջանի կողմից գործելու այդ, ոչ թե այն կերպ, ուստի տարեցտարի Հայաստանն ավելի է թուլացնում իր դիրքերը ոչ միայն Վրաստանում, այլև տարածաշրջանում։

«Մենք ունենք պոտենցիալ և պետք է մշակենք այն ծրագրերը, թե ինչպես ենք ուզում օգտագործել հայկական գործոնի հնարավորությունը նախ՝ ի շահ Հայաստանի, այնուհետև՝ դաշնակիցների։ Պետք է ընդամենը կիսահղի քաղաքականությունից հրաժարվելու հայտ ներկայացնենք, հստակ նշենք, թե որո՞նք են մեր շահերը տարածաշրջանում, ի՞նչն է մեզ անվտանգություն ու զարգացում  տալիս։ Երբ հայկական կողմն անցյալում և հիմա փորձում է ինչ-որ հավասարակշռություն պահպանել Ռուսաստանի և Արևմուտքի կամ, օրինակ, դեմոկրատների ու բռնապետների միջև, այսինքն՝ ամեն տեղ բռնել ոսկե միջինը և դա դարձնել գերակա շահ, մենք ունենում ենք խնդիրը, երբ վճռական ու պատասխանատու պահերին մեր դաշնակիցները նույն կերպ վարվում են մեր հանդեպ»,- ընդգծեց Հրանտ Մելիք-Շահնազարյանը։

Քաղաքագետը նաև հավելեց, որ Հայաստանը Ռուսաստանի ու Արևմուտքի հետ ունի բազմաթիվ խնդիրներ, որոնք հիմնականում առնչվում են Արցախի հարցում նրանց դրսևորած հավասարեցված քաղաքականության հետ, բայց այսօր եկել է դաշնակիցների հետ անկեղծ խոսելու ժամանակը: Այսինքն՝ հստակ պետք է հայտարարվի, թե ո՞րն է Հայաստանի շահը, և որտե՞ղ են դաշնակիցները նրան վնասում, կամ որտե՞ղ Հայաստանը կարող է նրանց օգտակար լինել։

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս