Քոչարյանի գրասենյակը հաստատում է. Սերժ Սարգսյանն այցելել է նրան կալանքից ազատվելուց հետո. Sputnik Արմենիա
Ռոբերտ Քոչարյանը կալանքից ազատվելուց հետո այցելել է հիվանդանոց, իսկ տանն ընդունել է Սերժ Սարգսյանին։ ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավարը պատասխանել է Sputnik Արմենիայի հարցերին։
Կալանքից ազատվելուց հետո ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին է այցելել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հաստատեց Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը։
«ՀՀ երկրորդ նախագահը շուրջ 6 ամիս անցկացրել է անազատության մեջ։ Եվ դրանից հետո Սերժ Սարգսյանը եկել է նրան տեսակցելու։ Հանդիպումը կայացել է տանը» ,– ասաց Սողոմոնյանը։
Թե ինչ հարցեր են քննարկել նախկին երկու նախագահները, Սողոմոնյանը տեղյակ չէ, բայց կարծում է, որ զուտ անձնական հանդիպում է եղել։
«Այդքան վատ չէ, ինչքան թվում է». հարցազրույց Լևոն Քոչարյանի հետ
Կալանքից ազատվելուց հետո Քոչարյանը նաև «Իզմիրլյան» բժշկական կենտրոն է այցելել` ընթացիկ բուժզննման։
«Առանձնապես պատճառ չկար, պարզապես ընթացիկ բուժզննում էր, քանի որ, գիտեք, մի քանի ամիս դրա հնարավորությունը չի եղել»,– ասաց Սողոմոնյանը` վստահեցնելով, որ Քոչարյանը առողջական լուրջ խնդիրներ չունի։
Սողոմոնյանը չցանկացավ պատասխանել ՀՀ երկրորդ նախագահի հետագա անելիքներին ու քաղաքական ծրագրերին վերաբերող հարցին` հույս հայտնելով, որ մոտ ապագայում Ռոբերտ Քոչարյանն ինքը հանդես կգա հայտարարությամբ։
«Չեմ կարող կոնկրետ ասել` ինչքան, բայց ոչ երկար ժամանակ հետո, կարծում եմ, ինքը հնարավորություն կունենա իր պլանների, ասելիքների, ծրագրերի մասին հայտարարելու` կա՛մ լրագրողների հետ շփվելու միջոցով, կա՛մ ելույթների, հրապարակումների միջոցով»,– ասաց Սողոմոնյանը։
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։