Ամերիկյան պատժամիջոցները Թուրքիային մեծ վնաս կհասցնեն. թուրք պրոֆեսոր
Թուրքիայում շարունակում են քննարկել, թե ինչ ազդեցություն կունենան ԱՄՆ-ի պատժամիջոցները Թուրքիայի ռազմարդյունաբերության վրա, եթե այնուամենայնիվ ռուսական S-400 ՀՕՊ համակարգերը մատակարարվեն Թուրքիային։ Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:
Ինչպես հայտնի է ԱՄՆ-ն Թուրքիային սպառնում է պատժամիջոցներով։
Թեմայի շուրջ խոսել է Իզմիրի էկոնոմիկայի համալսարանի պրոֆեսոր Սըթքը Էգելին։ Վերջինիս կարծիքով, եթե Թուրքիայի նկատմամբ կիրառվի «Պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդներին հակազդելու մասին օրենք»-ը (CAATSA), ապա դա Թուքիայի համար ծանր հետևանքներ կունենա:
Պրոֆեսորը նշել է, որ մի շարք թուրքական զինատեսակների պահեստամասեր ԱՄՆ-ն է արտադրում և պատժամիջոցների շրջանակներում Վաշինգտոնը կարող է դրանց արտադրությունը դադարեցնել, ինչի հետևանքով Թուրքիային մեծ վնաս կհասցվի։
«Օրինակ թուրքական արտադրության ATAK ռազմական ուղղաթիռների շարժիչները ԱՄՆ-ից են գալիս»,-ասել է պրոֆեսորը։
Նա նաև նշել է, որ եվրոպական մի շարք երկրներ չեն ցանկանա ռազմական ոլորտում Թուրքիայի հետ կապերը զարգացնել՝ հաշվի առնելով ամերիկյան պատժամիջոցները, ինչպես նաև ռուս-թուրքական պայմանագիրը S-400-ների վերաբերյալ։