Բաժիններ՝

«Չնայած բոլոր հորդորներին եղան նաև արկածախնդիր դպրոցականներ և անտարբեր ծնողներ». ոստիկանություն

Մայիսի 24-ին, «Վերջին զանգի» առթիվ, աշակերտների տոնը անվտանգ ու առանց պատահարների անցկացնելու նպատակով հանրապետության բոլոր քաղաքներում ու ավտոճանապարհներին ճանապարհային ոստիկանությունը ծառայությունն իրականացրել է շուրջօրյա ուժեղացված ռեժիմով։

Ողջ օրվա ընթացքում ճանապարհային ոստիկանության կարգախմբերը հանրապետության ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածքներ են տեղափոխել 207 տրանսպորտային միջոց, որոնցից 89-ը մայրաքաղաքում, իսկ 118-ը մարզերում: 71 մեքենա վարել են անչափահասներ, որոնցից 29-ը՝ մայրաքաղաքում, 42-ը՝ մարզերում, 37 վարոդ մեքենան վարել է ոչ սթափ վիճակում, իսկ մնացածը՝ տարբեր իրավախախտումների՝ մեքենայի պատուհանից կախվելու, համապատասխան փաստաթղթեր չունենալու և այլ խախտումների համար:

Այսօր արդեն ուրախությամբ կարող ենք արձանագրել, որ տոնի առթիվ ոստիկանության նախապատրաստական աշխատանքները տվեցին ցանկալի արդյունքը․ շրջանավարտների մասնակցությամբ որևէ պատահար չի արձանագրվել:

Հիշեցնենք, որ հանրապետության գրեթե բոլոր ավագ դպրոցներ էին այցելել ճանապարհային ոստիկանության ներկայացուցիչներն ու զրուցել դպրոցների տնօրենների հետ: Զրույցների ընթացքում հորդորել էին ևս մեկ անգամ շրջանավարտներին ու ծնողներին զգուշացնել, որպեսզի ոչ մի աշակերտ չվարի մեքենա, տրանսպորտային միջոցների պատուհաններից չկախվի և ամեն ինչ կազմակերպվի օրենքի սահմաններում:

Ոստիկանությունը նաև նախազգուշացրել էր, որ լինելու է հետևողական, չի ցուցաբերվելու ներողամտություն ոչ մեկի նկատմամբ, և ցանկացած օրինախախտ ենթարկվելու է պատասխանատվության:

Չնայած բոլոր հորդորներին եղան նաև արկածախնդիր դպրոցականներ և անտարբեր ծնողներ։ Բայց ոստիկանությունը՝ հավատարիմ օրինականության ապահովման սկզբունքին, հետևողական ծառայության շնորհիվ, ժամանակին կանխեց հակաօրինական բոլոր դրևորումները։

Կրկին շնորհավորում ենք բոլոր շրջանավարտներին և մաղթում բարի երթ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս