
Ամերիկացին, նվաճելով յոթ մայրցամաքների լեռնագագաթները, մահացել է Էվերեստից իջնելիս

ԱՄՆ-ի Յուտայի նահանգի բնակիչը մահացել է Էվերեստ բարձրանալուց անմիջապես հետո՝ կատարելով յոթ մայրցամաքների լեռնագագաթները նվաճելու երազանքը: Այդ մասին հայտնել է NBC News հեռուստաալիքը՝ վկայակոչելով նրա ընտանիքը:
Իր վերջին լեռնագագաթը նվաճած 55-ամյա Ջոն Քեշը թողել էր աշխատանքը, որպեսզի միանա «Յոթ լեռնագագաթների ակումբին», որը միավորում է նրանց, ովքեր երազում են նվաճել ամենաբարձր կետերն աշխարհի բոլոր մայր ցամաքներում:
Նախորդ անգամ բարձրանալիս Քեշը մի քանի մատ էր կորցրել ցրտահարության պատճառով, բայց տրամադրված էր մինչեւ վերջ իրականացնելու իր երազանքը: «Նա մեզ սովորեցրել է, որ անհնարին ոչինչ չկա»,- հայտարարել է Քեշի դուստրը՝ հավելելով, որ Էվերեստն իր հոր համար եզրափակիչ կետն էր դեպի երազանքը տանող ճանապարհին:
Տղամարդու մահվան պատճառն առայժմ հայտնի չէ, սակայն նրա ընտանիքը կարծում է, որ Քեշը սրտի նոպա է ունեցել Էվերեստից իջնելիս, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: