
Մեյի հրաժարականից հետո պահպանողականները պետք է միավորվեն և իրագործեն Brexit-ը. Բորիս Ջոնսոն

Բրիտանացի պահպանողականները պետք է մոռանան տարաձայնությունների մասին եւ կուսակցության ղեկավարի պաշտոնից Թերեզա Մեյի հեռանալուց հետո համատեղ ավարտեն ԵՄ-ի կազմից Միացյալ Թագավորության դուրս գալու գործընթացը: Այդ մասին Twitter-ի իր էջում գրել է Մեծ Բրիտանիայի նախկին արտգործնարարար եւ թորիների նոր առաջնորդի պաշտոնի գլխավոր հավակնորդներից մեկը՝ Բորիս Ջոնսոնը:
«Թերեզա Մեյը հարգանքի արժանի հայտարարություն արեց: Շնորհակալություն ստոիցիզմի (ամրակամություն) համար, որը դուք դրսեւորեցիք, ծառայելով ձեր երկրին եւ Պահպանողական կուսակցությանը: Այժմ եկել է ժամանակը՝ հասնելու այն բանին, ինչին դուք այնքան հաստատակամորեն կոչ էիք անում՝ միավորվել եւ իրականացնել Brexit-ը»,-գրել է Ջոնսոնը: Համանման թվիթներ են հրապարակել Պահպանողական կուսակցության նաեւ այլ ազդեցիկ ներկայացուցիչներ՝ ինչպես Մեյի կողմնակիցների թվից, այնպես էլ եվրոսկեպտիկների ճամբարից նրա հակառակորդները:
Դոմինիկ Ռաաբը, որը Brexit-ի գործերի նախարարի պաշտոնն անցյալ տարվա նոյեմբերին թողել էր ՄԵյի հետ տարաձայնությունների պատճառով, նրան համարել է «հայրենասեր եւ Պահպանողական կուսակցության հավատարիմ անդամ»:
Բրիտանական խորհրդարանի Համայնքների պալատի նախկին ղեկավար Անդրեա Լիդսոմը, որը մայիսի 22-ին հրաժարական էր տվել Brexit-ի վերաբերյալ կառավարության քաղաքականությունը չընդունելու պատճառով, ընդգծել է, որ Մեյը «հնարավոր ամեն ինչ արեց 2016 թվականի հանրաքվեի արդյունքները կյանքի կոչելու համար եւ «լիակատար նվիրվածություն էր դրսեւորում իր երկրի նկատմամբ»:
Շրջակա միջավայրի, պարենի եւ գյուղատնտեսության զարգացման նախարար, եվրոսկեպտիկ Մայքլ Գոուվը, որը նաեւ ֆավորիտներից մեկն է համարվում Պահպանողական կուսակցությունում առաջատարության համար պայքարում, նշել է, որ Մեյի արարքն «արժանի է երախտագիտության ու հարգանքի»: