«Եթե գործընթացները պետք է տանեն նովգորոդյան վեչեի օրինակով, ապա լինելու է շատ վատ արդյունք». Նաիրա Զոհրաբյան

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի խոսքով՝ այսօր Հաայստանի դատական համակարգն ունի հեղափոխական բարեփոխումների կարիք, քանի որ տարիներ շարունակ կայացվել են քաղաքական դատավճիռներ, որոնք թելադրվել են կառավարությունից կամ նախագահականից։

«Այս ամենի վկայությունն են Մարդու իրավունքների եվրոպական դատարաններում կուտակված հայցերը։ Բայց ի՞նչ միջավայրում մենք կարող ենք դատական համակարգն ամբողջովին ենթարկել բարենորոգման։ Այս միջավայրում, երբ կա տոտալ անհանդուրժողականություն մյուսի կարծիքի հանդեպ, երբ հասարակական դիսկուրսում հնչում են գիլյոտինի, քաղաքակն վենդետաների կոչեր։ Երբ ԵԽԽՎ համազեկուցողների ելույթները զտում են, մի կողմը վերցնում է իրեն հաճելի հատվածը, մյուս կողմը՝ իրեն հաճելի մասը, բայց իրականությունն այն է, որ համազեկուցողների հայտարարության մեջ կար հստակ գնահատական, որ քաղաքական պրեսինգ դատական համակարգի վրա չպետք է լինի։ Կար նաև լիակատար աջակցություն իշխանություններին՝ կոռուպցիայի դեմ պայքարում և դատական համակարգի բարեփոխումների գործում»,- ԱԺ-ում անցումային արդարադատության վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ ասաց Ն. Զոհրաբյանը։

Նրա դիտարկմամբ, «եթե գործընթացները պետք է տանեն նովգորոդյան վեչեի օրինակով, ապա լինելու է շատ վատ արդյունք»։

«Բազմիցս եմ ասել, որ չեմ հավատում հին արժեհամակարգով գործող դատավորների ռեստարտին, քանի որ, եթե մարդիկ տարիներ շարունակ աշխատել են քաղաքական պատվերի ռեժիմի տակ, չեմ հավատում, որ նրանք կարող են սպանել իրենց միջի ստրուկին, բայց մենք ուզում ենք, որ փոխադարձ հանդուրժողականության մթնոլորտը պետք է լինի խաղաղ»,- եզրափակեց Ն. Զոհրաբյանը։

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս