«Մենք ուզում ենք պրոցես սկսել՝ սուտ մատնության դրվագով». Արթուր Դանիելյան
Շուրջ մեկ ժամ առաջ «Ադեկվադ» հասարակական կազմակերպության ղեկավար Արթուր Դանիելյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել, որից հետևում է, որ ինքն ու «Ադեկվադի» ակտիվի մեծ մասը գտնվում են ոստիկանությունում, ըստ իրեն՝ «մեր վրա շինած գործերի շրջանակներում»։
168.am-ը Արթուր Դանիելյանին խնդրեց մեկնաբանել իրենց՝ ոստիկանությունում գտնվելու հանգամանքը։
«Մեզ երեկ չէ առաջին օրը ոստիկանությունը որսում էր քաղաքով մեկ, որպեսզի ծանուցեր, որ մեզ կանչում են բացատրություն տալու, քանի որ նույն օրը մեզ մեկ այլ դրվագով էլի բերման ենթարկեցին Օպերայից։ Ինչ-որ հաղորդում կար, որ մենք ինչ-որ մեկին ահաբեկում ենք, ու մեզ բերման ենթարկեցին։ Մենք պայմանավորվեցինք, որ նաև Արթուր Իսպիրյանի տված հաղորդման շրջանակներում կներկայանանք։ Այսօր ներկայացանք, հրաժարվեցինք որևէ բացատրություն տալ, որևէ հարցի պատասխանել, քանի որ, ըստ մեզ՝ դա շինծու հաղորդում է, որը ոչ մի կերպ իրականությանը չի համապատասխանում։ Այնպես որ, հիմա գնդակը ոստիկանության դաշտում է, թող իրենք որոշեն»,- ասաց Արթուր Դանիելյանը։
168.am-ի այն հարցին, թե իրենք արդյո՞ք այդ գործերի շրջանակներում որևէ կարգավիճակ ունեն, նա պատասխանեց, որ որևէ կարգավիճակ չունեն, պարզապես կանչել էին բացատրություն տալու՝ նշելով, որ այս պահին ոստիկանությունում գտնվող «Ադեկվադի» բոլոր տղաները դրսում են, իրենցից ոստիկանությունում մարդ չկա։
168.am-ին հետաքրքիր էր նաև, թե նախորդ անգամ իրենց Օպերայի շենքից ո՞ւմ հաղորդման հիման վրա էին բերման ենթարկել, ո՞ւմ էին իրենք ահաբեկել։
«Կան հավաստի աղբյուրներ, որոնք պնդում են, որ Եվրամիության աշխատակիցներից մեկն է եղել հաղորդում տվողը, և պնդել են, որ մենք Սվիտալսկուն ահաբեկում ենք»,- ասաց «Ադեկվադ» հ/կ նախագահը՝ հավելելով, որ այս փաստը ոստիկանությունը դեռ չի հաստատել, բայց ըստ ամենայնի՝ ընթացքում իրենք կիմանան՝ ո՞վ է այդ հաղորդում ներկայացնողը:
Նա նշեց նաև, որ դա իրենց համար շատ կարևոր է, որովհետև իրենք ուզում են պրոցես սկսել սուտ մատնության դրվագով։
Ինչ վերաբերում է այն հարցին, թե ի՞նչ է իրենց սպասվում հետագայում, արդյո՞ք նորից ոստիկանության կողմից հրավերներ կլինեն, Արթուր Դանիելյանն ասաց, որ դեռ չի կարող ոչինչ ասել. «Իրենց որոշումն է։ Եթե ոստիկանությունը քրեական գործ հարուցելու որոշում կկայացնի, ըստ ամենայնի՝ կլինեն հարցաքննություններ և առերեսումներ»։