Սա հիասքանչ խաղի շատ կեղտոտ կողմն է. Հենրիխ Մխիթարյանի շուրջ ստեղծված իրավիճակը քննարկել են Մեծ Բրիտանիայի խորհրդարանում
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի շուրջ ստեղծված իրավիճակի, ինչպես նաև ԵԼ եզրափակիչ հանդիպման տոմսերի հետ կապված խնդիրների շուրջ քննարկում է ծավալվել Մեծ Բրիտանիայի խորհրդարանում: Լեյբորիստների խմբակցության ղեկավարի տեղակալ Թոմ Վաթսոնը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում հրապարակել է Համայնքների պալատում տեղի ունեցած քննարկման տեսագրությունը: Իր ելույթում Թոմ Վաթսոնը սկանդալ է որակել այն, որ Հենրիխ Մխիթարյանը չի կարողանալու մասնակցել Եվրոպայի լիգայի եզրափակիչ «Արսենալ»-«Չելսի» հանդիպմանը, որը նախատեսված է անցկացնել Բաքվում: Խորհրդարանականը իր դժգոհությունն է արտահայտել նաև այն հանգամանքի կապակցությամբ, որ Ադրբեջանը մերժել է վիզա տրամադրել հայկական ազգանուն ունեցող երկրպագուներին:
«ՈւԵՖԱ-ի կանոնադրությունը փաստում է, որ յուրաքանչյուր ոք իրավունք ունի վայելել ֆուտբոլը՝ անկախ այն հանգամանքից, թե ով է, որ երկրից է կամ ինչպես է խաղում: Սակայն հաջորդ շաբաթ Հենրիխ Մխիթարյանը բաց կթողնի իր կյանքի ամենակարևոր հանդիպումներից մեկը, որովհետև նա Հայաստանից է: Հայկական ազգանուն ունեցող «Արսենալ»-ի երկրպագուներին նույնպես մերժել են մուտքի արտոնագիր տրամադրել, և նրանք չեն կարողանա մեկնել Բաքու: Սա սկանդալ է, սա հիասքանչ խաղի շատ կեղտոտ կողմն է, և եթե ես լինեի արտգործնախարար, ես ՈւԵՖԱ-ի առաջ հստակ կընդգծեի, որ սա խիստ անընդունելի է», – իր ելույթում ասել է Վաթսոնը:
Նա հարց է բարձրացրել՝ արդյո՞ք Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարը պատրաստվում է ՈՒԵՖԱ-ից երաշխիքներ պահանջել, որ այսուհետ խտրական վերաբերմունք դրսևորող և այլ երկրների երկրպագուներին մուտքի արտոնագրերից զրկող երկրները չեն հյուրընկալելու մրցաշարի հանդիպումները:
Միացյալ Թագավորության երիտասարդության, մշակույթի, սպորտի նախարար Ջերեմի Ռայթն ընդունել է Թոմ Վաթսոնի քննադատությունն՝ ընդգծելով, որ ֆուտբոլը բոլորի համար է:
«Ֆուտբոլը բոլորի համար է, և մենք բոլորս վստահ ենք, որ դա վերաբերում է ոչ միայն մեր երկրում անցկացվելիք խաղերին, այլև երկրպագուներին, ովքեր ուզում են ճամփորդել աշխարհով մեկ: Եվ շատ կարևոր է, որ մենք այս հարցը քննարկենք ՈւԵՖԱ-ի հետ, ինչպես որ արդեն արել ենք՝ հստակ ընդգծելով, որ այն երկրները, որոնք հյուրընկալում են խաղերը, պետք է ողջունեն նաև ֆուտբոլասերներին»,- ասել է նա։
Ջերեմի Ռայթն ընդգծել է՝ ակնհայտ է, որ նրանք, ովքեր ուզում են երկրպագել իրենց թիմին, պետք է կարողանան դա անել ազատորեն: Հակառակ դեպքում ֆուտբոլը չի հասնում այն նպատակներին, որոնց պետք է հասնի:
Թոմ Վաթսոնն անդրադարձել է նաև Եվրոպայի լիգայի եզրափակիչ հանդիպման տոմսերի հետ կապված խնդրին՝ շեշտելով, որ շատ երկրպագուներ չեն կարողանալու մարզադաշտից հետևել իրենց սիրելի թիմի խաղին տոմսերի բացակայության պատճառով: Նա քննադատել է ՈՒԵՖԱ-ին՝ նկատելով, որ ՈՒԵՖԱ-ն ավելի շատ նախապատվությունը տալիս է բաժնետերերին, քան երկրպագուներին: «Պատրաստվո՞ւմ է արդյոք արտաքին գործերի նախարարը իր հետ միասին քննադատել ՈՒԵՖԱ-ին՝ երկրպագուների նկատմամբ խայտառակ վերաբերմունք դրսևորելու համար»,- հարցրել է Վաթսոնը:
Միացյալ Թագավորության երիտասարդության, մշակույթի, սպորտի նախարար Ջերեմի Ռայթը կրկին ընդունել է, որ տոմսերը թիմերի երկրպագուների համար չեն հերիքում: «Ես կարծում եմ, որ մենք կարող ենք համաձայնել, որ որքան հնարավոր է շատ մարդիկ, ովքեր ոգևորված են իրենց սիրելի թիմերի խաղով, պետք է հնարավորություն ունենան տեսնել թիմերը դիմակայում միմյանց եվրոպական մրցասպարեզում: Ես կարծում եմ՝ կարևոր է, որպեսզի մենք ՈՒԵՖԱ-ին հասցնենք այս ուղերձը, որը մենք կարևորում ենք»,- ասել է նա: