Բաժիններ՝

Մերկելը և Զելենսկին պայմանավորվեցին պահպանել «նորմանդական ձևաչափը»

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը եւ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հավաստել են շահագրգռությունը «նորմանդական ձեւաչափով» սերտ համագործակցության շարունակման հարցում: Նրանք այդ եւ այլ հարցեր են քննարկել մայիսի 24-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում, ինչի մասին «Ինտերֆաքս»-ին հայտնել է ԳԴՀ-ի կառավարության ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերտը։

Մերկելը եւ Զելենսկին նաեւ ընդգծել են «Մինսկի պայմանավորվածությունների ամբողջական իրագործման անհրաժեշտությունը», հավելել է նա: Նրանք պայմանավորվել են աշխատանքային սերտ շփում պահպանել: Կողմերը նաեւ քննարկել են Ուկրաինայի ներքաղաքական հարցերը եւ երկրի արեւելքի իրադրությունը, ինչպես նաեւ Կիեւի եւ Բեռլինի երկկողմ համագործակցությունը:

Պաշտոնակալության արարողությունից առաջ Զելենսկին խոստացել է, որ կշարունակի բանակցությունները «նորմանդական» եւ Մինսկի ձեւաչափով: Ընդսմին նա կարծիք է հայտնել, որ Մինսկի ձեւաչափում հարկավոր է նորացնել կադրային կազմը եւ կատարել վերաբեռնում: Մայիսի 3-ին այդ պլանները հաստատել է Զելենսկու խորհրդական Ալեքսանդր Դանիլյուկը: Ընտրություններից առաջ Զելենսկու թիմում նախատեսում էին «նորմանդական ձեւաչափում» ներգրավել ԱՄՆ-ին ու Մեծ Բրիտանիային:

Դոնբասի ճգնաժամի կարգավորման համար բանակցությունների «նորմանդական ձեւաչափը» ստեղծվել է 2014 թվականի ամռանը: Դրանում ընդգրկվել են Ուկրաինայի, Ռուսաստանի, Ֆրանսիայի եւ Գերմանիայի ներկայացուցիչները: Մինսկի ձեւաչափը ենթադրում է Ուկրաինայի, Ռուսաստանի, ԵԱՀԿ-ի եւ Դոնբասի ինքնահռչակ հանրապետությունների ներկայացուցիչների բանակցություններ: Դրանք Մինսկում անցկացվում են 2014 թվականի սեպտեմբերից, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս