Թաեքվոնդոյի ֆեդերացիան ԵԿՄ-ից արդարություն է պահանջում
Հայաստանի թաեքվոնդոյի ֆեդերացիան բողոքի ակցիա է իրականացնում Երկրապահ կամավորական միության շենքի մոտ: Բանն այն է, որ այսօր ԵԿՄ շենքում ֆեդերացիայի նախագահ են ընտրում, սակայն ֆեդերացիայի որոշ անդամներ այդ ընտրությունից տեղյակ չեն։
Ֆեդերացիայի անդամները պնդում են, որ ԵԿՄ-ում գտել են երիտասարդի, որը խոստացել է ֆեդերացիայում ներդրումներ անել և դառնալ նախագահ, ինչի հետ ֆեդերացիայի անդամները նույնպես համաձայն չեն։
Ֆեդերացիայի անդամ, վաստակավոր մարզիչ Արսեն Ավետիսյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ մեկ ամիս առաջ են հանդիպել ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանի հետ, որի ընթացքում իրենց ներկայացվել է ցուցակ՝ նախագահության կազմի անդամների անուններով, որից հետո ասել են, որ այդ անդամները պետք է քվեարկեն ֆեդերացիայի նախագահի ընտրության համար։
«Հարց եմ տալիս, եթե ես նախագահության անդամ եմ, և մարդիկ հավաքվել են, որ ընտրություն անեն ու քվեարկեն, ինչո՞ւ ես չգիտեմ։ Ֆեդերացիայի նախագահի պաշտոնավարման ժամկետը լրացել է նոյեմբերի 4-ին»,- ասաց նա։
Նա նաև հավելեց, որ գեներալ Մանվել Գրիգորյանի ժամանակ իրենց նստավայրը եղել է ԵԿՄ-ի շենքում, նրա քրոջ ամուսինն էլ՝ ինչպես ցանկացել, այնպես վարվել է ֆեդերացիայում, նա միայնակ է որոշել բոլոր անելիքները, քանի որ եղել է ֆեդերացիայի գլխավոր մարզիչը։
Ֆեդերացիայի մի շարք անդամներ ներս մտան ԵԿՄ շենք՝ պնդելով իրենց պահանջը և հայտարարելով, որ այսօր Սասուն Միքայելյանի հովանավորչությամբ ԵԿՄ-ում շարունակում են Մանվել Գրիգորյանի դրած ավանդույթները։
Բողոքները նաև հարց բարձրացրեցին, որ ծառայության մեջ գտնվող մարզիկների թղթերն այնքան ուշ են հաստատում ֆեդերացիայից, որ բոլոր մրցույթներն անցում են։
Որոշ ժամանակ շենքի մտ մնալուց հետո ֆեդերացիայի անդամները գնացին Կառավարության շենքի մոտ, որպեսզի այդպիսով կառավարության ուշադրությունը գրավեն խնդրի վրա։
Զվարթ Խաչատրյան