
Դատախազությունն ստացել է դատավոր Դավիթ Գրիգորյանի հաղորդումը

Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը, ով քննում էր ՀՀ երկրորդ նախագահ, Մարտի 1-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի գործը, հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազության հասարկայնության հետ կապերի վարչությունից:
Դատավոր Դավիթ Գրիգորյանը մայիսի 18-ին որոշում էր կայացրել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխել Արցախի նախագահ Բակո Սահակյանի և նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի անձնական երաշխավորությամբ:
Մայիսի 20-ին էլ պարզ էր դարձել, որ դատավոր Դավիթ Գրիգորյանը որոշում էր կայացրել կասեցնել քրեական գործի վարույթը և այն ուղարկել Սահմանադրական դատարան։ Ընդհանուր իրավասության դատարանը նշել է, որ դատական քննության այդ փուլում առկա է Քրեական օրենսգրքի հին՝ 300 ու 2009-ին փոփոխված Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածների և Սահմանադրության 72, 73 և 79 հոդվածների միջև անհամապատասխանության կասկած, և անհրաժեշտություն կա պարզել դրանց համապատասխանությունը Սահմանադրությանը։