«Հարցը տարել են ներանձնական դաշտ, որ պետք է բևեռացնեն կոնկրետ մի ընկերության շուրջ». Բուքմեյքերական ընկերության ներկայացուցիչ
«Գուդվին-ԲԵՏ» ՍՊԸ աշխատակիցները ՀՀ կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա էին իրականացնում՝ ընդդեմ ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի` բուքմեյքերական գրասենյակների գործունեության վերաբերյալ ընդունած որոշման:
Լրագրողների հետ զրույցում ընկերության իրավաբանն ասաց, թե ԱԺ Տնտեսական հանձնաժողովը երկու օր քննարկեց մի օրինագիծ ու հավանություն տվեց, սակայն ներկայացվածն իրականությանը չի համապատասխանում:
«Պատճառաբանությունն այն է, որ ժողովուրդը գնում է, կրվում: Սա հարցի լուծում չէ, մարդիկ հնարավորություն են ունենում օնլայն տիրույթում նույնը խաղալ: Ըստ էության, մենք վերցնում ենք հետևյալը: «Գուդվին-ԲԵՏ» ընկերությունը մոտ 130 կետ ունի ու համապատասխան վարձատուներ, որոնց ընկերությունը վճարում է տարածքների համար: Եղավ, որ 140 ընտանիք իր օրվա հացը վաստակեց, սրան գումարած՝ 400 աշխատակից, որոնք ընտանիք են պահում, նաև եկամտային հարկ են վճարում բյուջե, և այլն: Հարցը տարել են ներանձնական դաշտ, որ պետք է բևեռացնեն կոնկրետ մի ընկերության շուրջ, որը, ըստ էության, հակասում է մեր նորընտիր իշխանության գործառույթներին:
Վարչապետն ասաց, որ ուզում է՝ լինի հավասարություն, ընդունում ենք դա: Դա վերաբերում է գործող 4 ընկերություններին, բայց քանի որ բացառությամբ երեքի՝ «Գուդվին-ԲԵՏ»-ն ունի վիճակախաղային տերմինալներ, խնդրել ենք, որ դա տանենք բուքմեյքերական գրասենյակների տարածք, այսինքն՝ չլինի գազալցակայաններում, որից քաղաքացիները բողոքում են: Մենք ընդունում ենք այդ մարտահրավերը, պատրաստ ենք զիջումների գնալ: Ըստ էության՝ կորուստների հաշվին անում ենք, որոշակի ժամանակ է պետք դա կարգավորելու համար, բայց ԱԺ Տնտեսական հանձնաժողովն ընդհանրապես արգելում է այդ ապարատները: Արդեն 50 կետից հանվել է, աստիճանաբար կհանենք, ժամանակ է պետք»,- ասաց ընկերության իրավաբանը:
Ավելի վաղ նրանց հանդիպեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ում խնդրեցին կազմել հանձնաժողով, որպեսզի քննարկում լինի, հասկանան, թե ոնց է լինելու:
Զրույցի ընթացքում Նիկոլ Փաշինյանն ընկերության ներկայացուցիչներին ասաց, որ առաջարկները ներկայացնեն, ու ինքն անձամբ կկարդա:
Հիշեցնենք, որ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի, ԱԺ պատգամավորներ Սիփան Փաշինյանի և Նաիրա Զոհրաբյանի համահեղինակած «Վիճակախաղերի մասին» օրենքի նախագծում փոփոխություններ անելու առաջարկը մայիսի 23-ին ստացավ ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը՝ ընդգրկվելով լիագումար նիստերի օրակարգ: Հիշեցնենք, որ օրենքի նախագծի փոփոխությամբ առաջարկվում է սահմանափակել բուքմեյքերական ընկերությունների գործունեությունը:
Հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը ներկայացրեց այն կոնսենսուսային տարբերակը, որին հանգել է հանձնաժողովը:
«Շեշտում ենք, որ կա հստակ պայմանավորվածություն, որ կատարվելու են հետևյալ փոփոխությունները՝ 500 միլիոն դրամ ֆինանսական երաշխիքի պահանջը պետք է դուրս գա, կայքերի հասանելիության հետ կապված սահմանափակումների պահանջը պետք է հանվի, բուքմեյքերական կետերի արգելման պահանջը ուժի մեջ պետք է մտնի 2020 թվականի նոյեմբերի մեկից, էլեկտրոնային սարքավորումները, որոնք տեղադրված են գազալցակայաններում և այլ տեղերում, օրենքի ուժի մեջ մտնելուց հետո հանվելու են»,- ասաց Թունյանը՝ ընդգծելով, որ նախագծի՝ այդ փոփոխությունները կլինեն մինչև երկրորդ ընթերցումը:
Նախագիծը ստացավ հանձնաժողովի դրական եզրակացությունը:
Անի Կարապետյան