Անցումային արդարադատությունը Եվրոպայի խորհրդին հակասող գործիք չէ. Արդարատաության փոխնախարար
Միջազգային բոլոր իրավական փաստաթղթերում անցումային արդարդատությունն ամրագրված է որպես գործիքների և կառուցակարգերի ամբողջություն, որը նպատակ ունի ապահովելու հասարակության անցումը մի իրավիճակից դեպի մյուսը։ Այսօր անցումային արդարադատություն մասին խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց Արդարադատության նախարարի տեղակալ Աննա Վարդապետյանը։
Նրա խոսքով՝ անցումային արդարադատության գործիքակազմն իրավական է, որը նպատակ ունի վեր հանել այն պատճառները, որոնք հասարակության մեջ հանգեցրել են զանգվածային խախտումների։
Նա նկատեց՝ անցումային արդարադատության մասին խոսելիս, որոշ իրավաբաններ և քաղաքագետներ հայտարարում են, թե խոսքը գնում է պատերազմական պետությունների ու արյունահեղությունների մասին։
«Չգիտես՝ ինչու, մոռանում են, որ զանգավածային խախտումները կարող են ուղեկցվել ոչ բռնությամբ, կարող են լինել տնտեսական, սոցիալական, մշակութային բազմաթիվ խախտումներ, որոնք, ի վերջո, կարող են բերել ժողովրդավարական արժեքների նվազեցման։ Այդ պատճառով պետությունն ազատ է ընտրելու, թե ինչ կառուցակարգ և ինչ գործիք է օգտագործելու։ Եթե պետությունը ցանկություն է հայտնում օգտագործել անցումային արդարադատության մեխանիզմները, ապա դա չի նշանակում, որ պետությունը սահմանափակված է, նա պարտավորված է ընտրելու, թե ինչ գործիքակազմ է իրեն անհրաժեշտ լրացնելու այն ինստիտուցիոնալ բացը, որն ինքն ունի»,- նշեց Ա. Վարդապետյանը։
Նա նաև հավելեց, որ անցումային արդարադատությունը Եվրոպայի խորհրդին հակասող գործիք չէ և այդ գործիքները միտված են հասարակությանը բերել հաշտեցման, եթե հասարակության ներսում կա դիսոնանս։ Ուստի անցումային արդարադատության յուրաքանչյուր գործիք պետք է մեկնաբանվի հենց այդ լույսի ներքո։
Ինչ վերաբերում է «վեթինգին», ապա արդարադատության նախարարի տեղակալը բացատրեց՝ այն գնահատաման գործիք է։
«Սասնա ծռեր» համահայկական կուսակցության անդամ Վարուժան Ավետիսյանը Աննա Վարդապետյանից հետաքրքրվեց, թե համաձա՞յն է, որ Հայաստանում հանցավոր համագործակցությունը զավթած է եղել պետությունը, որը մինչև օրս զավթված է, այդ թվում՝ դատաիրավական մասով։
Ա. Վարդապատյանը պատասխանեց. «Եթե կարճ՝ հանցավոր համագործակցությունը ես չեմ օգտագործի»։
Զվարթ Խաչատրյան