
Ասանժին 175 տարվա բանտարկություն է սպառնում

WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին մեղադրում են «հանցագործությունների մեջ, որոնք կապված են գաղտնի տվյալների բացահայտման՝ Միացյալ Նահանգների պատմության մեջ խոշորագույն դեպքի հետ»:
Խոսքը վերաբերում է լրտեսության մասին օրենքի խախտմանը, այդ թվում՝ տեղեկատվության աղբյուրների անունների բացահայտմանը եւ նախահամաձայությանը: ԱՄՆ-ի արդարադատության նախարարության հայտարարությունը մեջերում է ABC հեռուստաընկերությունը։
«Ասանժի գործողությունները կարող էին զգալի վնաս հասցնել ԱՄՆ-ի ազգային անվտանգությանը՝ ի շահ նրա հակառակորդների… Մեղադրական դատավճռի դեպքում նրան սպառնում է տասը տարվա բանտարկություն յուրաքանչյուր կետով, բացի մեկից, որը վերաբերում է համակարգիչների «կոտրանքի» նպատակով դավադրությանը, ինչի համար նրան սպառնում է առավելագույնը հինգ տարվա բանտարկություն»,- պատմել են ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունում:
Այսպիսով, բանտարկության առավելագույն ընդհանուր ժամանակը կարող է կազմել 175 տարի: Ավելի վաղ հայտնի է դարձել, որ ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունը 17 նոր մեղադրանք է առաջադրել WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի դեմ, հաղորդել է Life-ը: