Արտահո՞սք, թե՞ ժուչոկներ. Ինչ է քննարկվել «Իմ քայլի» ներքին «չաթում». մանրամասներ. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Դատավորների վեթինգի գործընթացն սկսելուց առաջ «Իմ քայլում» ցանկանում են էս գլխից կանխել արտահոսքերի հնարավորությունները եւ քննարկումներն իրականացնել նեղ կազմով:
Հատ-հատ աշխատում են լրագրողների վրա` հասկանալու համար, թե ով է թիմից արտահոսք կազմակերպում։ Գայթակղիչ առաջարկներ են անում, միայն թե ասեն` ումից են ինֆորմացիա ստանում:
Նախորդ օրը իրենց փակ նիստից «արտահոսքի» թեման քննարկվել է խմբի «չատում», եզրակացությունը մեկն է եղել՝ «արտահոսքը թիկունքից հարված է, դավաճանություն», բայց կարծիք է հնչել, որ ԱԺ 334-րդ սենյակում «ժուչոկ» է դրված՝ այդքան մանրամասն հնարավոր չէ փոխանցել: Այդ իսկ պատճառով «Իմ քայլը» ֆրակցիան մյուս փակ նիստն անցկացրել է Սայաթ-Նովայի «անժուչոկ» գրասենյակում։
Նրանց հետ հանդիպել է կառավարությունից «գործուղված» կոորդինատոր-մասնագետը, որն իմքայլականներին հրահանգել է խոսել, կարծիքներ հայտնել, նախահարձակ լինել ու ո՛չ երբեք պաշտպանվել։
Օրակարգ ձեւավորել, թելադրել. «Մեզ ասվեց` ոչինչ, կարող եք նաեւ սխալվել, ձեր սխալների վրա սովորել, սակայն այս փուլում եղեք ակտիվ, հայտնեք ձեր մոտեցումները, կարծիքը, մի թողեք դաշտը ընդդիմադիրները լցնեն իրենցով»:
Ի դեպ, դրան անմիջապես հաջորդել է Լենա Նազարյանի կոչը` դատավորների հետ կապված «գործ» տալու մասին»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: