
Boeing 737 MAX ինքնաթիռները կկարողանան ԱՄՆ-ում թռիչքները վերսկսել սոսկ մի քանի ամիս անց

737 MAX ընտանիքի ինքնաթիռների թրիչքների վերականգնման համար Boeing Co ընկերության կողմից թույլատրագրերի ստացումը կարող է տեւել մի քանի ամիս: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ի Քաղաքացիական ավիացիայի դաշնային վարչության (FAA) ղեկավար Դենիել Էլուելը:
Այս պահին FAA-ն դեռ սպասում է, մինչեւ Boeing-ը պաշտոնապես ներկայացնի ծրագրային ապահովման նորացումը, որը կօգնի խուսափելու այն խնդիրներից, որոնք աղետների հանգեցրեցին անցյալ տարի Ինդոնեզիայում եւ ընթացիկ տարում Եթովպիայում, հայտարարել է Էլուելը՝ Տեխասում 30 միջազգային ավիակարգավորիչների ներկայացուցիչների հանդիպման նախօրյակին:
Ընդհանուր առմամբ այդ երկու աղետներում զոհվել է 346 մարդ: Նրա խոսքով՝ վարչությունն առայժմ չի որոշել, թե անհրաժեշտ կլինի արդյոք, որ օդաչուները պարտադիր կարգով վերապատրաստում անցնեն թռիչքների սիմուլյատորների վրա նորացման թողարկումից հետո: Եթե դա անհրաժեշտ համարվի, թռիչքների վերսկսումը կարող է զգալիորեն ձգձգվել, հաղորդել է «Ինտերֆաքսը»: