
Զելենսկին թվային հեղափոխության մասին է հայտարարել Կիևի համաժողովում

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մայիսի 23-ին պաշտոնն ստանձնելուց հետո առաջին անգամ հանդես է եկել հանրության առջեւ՝ ժամանելով Կիեւում ընթացող «IFORUM – 2019» միջազգային համաժողով:
Նա իր ելույթը նվիրել է այն մասին պատմելուն, թե ինքն ինչպիսին է տեսնում երկրի ապագան թվային դարում: Զելենսկու խոսքով՝ ինքը երազում է «Ուկրաինան դարձնել սմարթֆոնի երկիր, որպեսզի բոլոր ուկրաինացիները սմարթֆոնի միջոցով կարողանան ներգրավված լինել քաղաքականության մեջ, որպեսզի յուրաքանչյուրը կարողանա ներկայացնել իր գաղափարները եւ դրանք իրականացման հանձնել նախագահին»:
«Եթե մենք ցածր սակագներ ենք ցանկանում, ապա անհրաժեշտ է ձգտել նորաստեղծությունների, էներգիայի վերականգնվող աղբյուրների»,- ասել է նա:
«Եթե մենք մաքուր տրանսպորտ ենք ցանկանում, ապա անհրաժեշտ է ստեղծել ենթակառուվածք էլեկտրամոբիլների եւ անօդաչուների համար: Եթե մենք երջանիկ ապագա ենք ցանկանում մեր երեխաների համար, ապա անհրաժեշտ է նորաստեղծություններ կիրառել կրթության ճյուղում»,- հավելել է նա, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը: