Քաղաքական որ ուժերը կմասնակցեն ՀՅԴ-ի հայտարարած հանրահավաքին

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինն այսօր Հանրապետության հրապարակում հանրահավաք է անցկացնելու և ներկայացնելու է Հայաստանում տիրող իրավիճակից դուրս գալու վերաբերյալ իր մոտեցումներն ու տեսակետները: Այս մասին կուսակցությունը տարածել է նաև պաշտոնական հայտարարություն։

ՀՅԴ-ի գնահատմամբ՝ այսօր երկրում տիրող իրավիճակը տագնապեցնող է, որի հետևանքների ամբողջ պատասխանատվության հասցեատերն առաջին հերթին իշխանություններն են։ Այդուհանդերձ, որևէ մեկն իրավունք չունի դիտորդի կարգավիճակով նայել, թե ինչպես են պետության հիմքերը սասանվում։ Այս ամենը հաշվի առնելով՝ ՀՅԴ-ն համախմբման կոչ է արել։

168.am-ի հետ զրույցում ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն ասաց, որ կուսակցության տարբեր անդամներ՝ որպես անհատներ ու քաղաքացիներ, մասնակցելու են ՀՅԴ-ի հանրահավաքին։

«Որպես քաղաքացիներ՝ մեր կուսակիցներն ու համակիրները լիովին ազատ են մասնակցելու Դաշնակցության այսօրվա հանրահավաքին։ Նրանց սատարելու և միանալու կուսակցական որոշում չունենք»,- նշեց Արմեն Աշոտյանը։

Նրա խոսքով՝ ՀՀԿ-ն  վերջին իրադարձություների համատեքստում ընդունել է հայտարարություն՝ իրավիճակին տալով հստակ իրավական և քաղաքական գնահատականներ։

«Ինչպես առաջատար արտախորհրդարանական, այս անգամ նաև խորհրդարանական ընդդիմադիր ուժերը փաստացի միևնույն մտահոգություններն են հայտնել և դատարպարտել են Նիկոլ Փաշինյանի միահեծան և հակասահմանադրական կեցվածքը։ Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարումից մեկ տարի հետո, առաջին անգամ է, որ ոչ իշխանական և ընդդիմադիր ուժերը փաստացի միակարծիք էին Փաշինյանի կողմից վարվող քաղաքականության վտանգավորության մասին իրենց գնահատականներում»,- շեշտեց Արմեն Աշոտյանը։

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը տեղեկացրեց, որ իրենց կուսակցությունը չի մասնակցելու այդ հանրահավաքին։

«Մենք մեր ամբիոնն ունենք, մեր խողովակներն ունենք՝ հուզող մտահոգությունները ներկայացնելու, և դրանց միջոցով ներկայացնում ենք»,- շեշտեց Է. Մարուքյանը։

Հարցին՝ կիսո՞ւմ է այն մտահոգությունները, որոնք ՀՅԴ-ն ներկայացրել է իր պաշտոնական հայտարարության մեջ, Է. Մարուքյանը պատասխանեց, որ հայտարարությանը ծանոթ չէ։

«Ժառանգություն» կուսակցությունից ևս տեղեկացրեցին, որ հանրահավաքին չեն մասնակցելու։

«Մեր մտահոգություններն արդեն հայտնել ենք հրապարակային տիրույթում և դրա շրջանակում, որոնք համընկնում են ՀՅԴ-ի տարածած մտահոգության հետ,  իհարկե, բխում են երկրի շահերից։ Բայց այս պահին հանրահավաքային առաջնահերթություն մեր կուսակցության օրակարգում չկա»,- ասաց կուսակցության նախագահ Անդրանիկ Գրիգորյանը։

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անժելա Խաչատրյանը նշեց, որ իրենք  չեն մասնակցելու հանրահավաքին։

«Ինչ վերաբերում է հայտարարություններին և հնչեցրած մտահոգություններին, ապա մեր կուսակցությունը դրա վերաբերյալ արդեն տարածել է հայտարարություն՝ երկրում ստեղծված վերջին իրադարձությունների վերաբերյալ։ Մյուս կուսակցությունների դիրքորոշումները, իհարկե, հարգում ենք, բայց դա իրենց մոտեցումն է, մենք առաջնորդվում ենք մեր մոտեցումներով, որոնք հստակ արտացոլված են կուսակցության հայտարարության մեջ»,- ասաց Անժելա Խաչատրյանը։

Նշենք, որ երեկվանից արդեն համացանցում բազմաթիվ օգտատերեր կիսվում են #լրջացեք հեշթեգով և նշում, որ միանում են ՀՅԴ-ի հանրահավաքին։

Զվարթ Խաչատրյան

 

Տեսանյութեր

Լրահոս