Բաժիններ՝

«Երեկ թողեցին, ասացին՝ գնացեք լողացեք, մաքրվեք, հաց կերեք». Առևտրականներին դեռ պահում են Բագրատաշենի մաքսակետում

«Մեզ հիմա անգարից հանել են, բայց բեռը դեռ այնտեղ է: Այսօր կրկին ինչ-որ զննում պետք է կատարվի: Ավտոբուսը ներսում պլոմբած կանգնած է: Երեկ մեզ թողեցին, ասացին՝ գնացեք լողացեք, մաքրվեք, հաց կերեք: Բայց թե այս ծախսերը ո՞վ պետք է քաշի, մենք էլ չգիտենք: Հյուրանոցի փող ա, սնունդի փող ա… ինչո՞ւ  են մեզ այս օրը գցում: Մարդ կար՝ գումար չուներ, ու դուրսն է քնել»,- 168.am-ի հետ զրույցում ասացին  շաբաթ օրվանից՝ մայիսի 18-ից,  Բագրատաշենի մաքսակետում գտնվող առևտրականները:

Մեր հարցին՝ ԱԱԾ պարզաբանման մեջ ասվում է, որ ՀՀ մի խումբ քաղաքացիներ առևտրային նպատակներով Թուրքիայից ձեռք բերված  խոշոր խմբաքանակներով բեռների մի մասը «Բագրատաշեն» հսկիչ մաքսակետով ներկրել են Հայաստան՝ առանց հայտարարագրման կամ այլ՝ ավելի էժան ապրանքների հայտարարագրման անվան տակ՝ չվճարելով մաքսազերծման համար նախատեսված հարկերն ու տուրքերը, իրենք բացառո՞ւմ են, որ նման բան կարող են ոմանք արած լինել, առևտրականները պատասխանեցին, որ դա ճիշտ չէ, ամեն ինչ արել են օրենքի շրջանակում, ապա հավելեցին.

«Այսօր ամեն ինչ կճշտվի, մենք էլ չենք հասկանում, թե ի՞նչ է կատարվում»:

Հիշեցնենք, որ մայիսի 22-ին Ստամբուլից Հայաստան վերադարձած առևտրականներն ահազանգել էին՝ ասելով, որ  իրենց անօրինական կերպով, մի քանի օր է՝ պահում են Բագրատաշենի մաքսակետում:

Ավելի ուշ Բագրատաշեն մաքսակետում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ահազանգած առևտրականների կողմից ներկայացված տեղեկատվության վերաբերյալ ԱԱԾ-ն ներկայացրեց պարզաբանում, որտեղ ասված էր.

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը մաքսային իրավահարաբերությունների ոլորտի նկատմամբ իր վերահսկողական գործառույթների շրջանակներում իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տվյալներ  է ստացել՝ մի խումբ տնտեսվարողների կողմից, առանց համապատասխան հայտարարագրման, ապրանքների (հիմնականում՝ հագուստեղեն և տեքստիլ արտադրանք) ներկրման նպատակով կազմակերպված և տևական ժամանակ կիրառվող մեխանիզմների վերաբերյալ:

Մասնավորապես պարզվել է, որ ՀՀ մի խումբ քաղաքացիներ առևտրային նպատակներով Թուրքիայից ձեռք բերված  խոշոր խմբաքանակներով բեռների մի մասը «Բագրատաշեն» հսկիչ մաքսակետով ներկրել են Հայաստան՝ առանց հայտարարագրման կամ այլ՝ ավելի էժան ապրանքների հայտարարագրման անվան տակ՝ չվճարելով մաքսազերծման համար նախատեսված հարկերն ու տուրքերը:

Վերոհիշյալ գործընթացի կանխման նպատակով իրականացված տևական և լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում 2019 թվականի մայիսի 19-ին կասեցվել է վերը նկարագրված եղանակով ապրանքների ներկրման հերթական դեպքը, հայտնաբերվել են մեկ ավտոբուսով և 5 «Ֆորդ տրանզիտ» ավտոմեքենաներով  ՀՀ տեղափոխված շուրջ 14 տոննա տարբեր տեսակի ապրանքներ, որի միայն մի մասն է սահմանված կարգով հայտարարագրվել, իսկ մնացածը կամ առհասարակ չի հայտարարագրվել, կամ  հայտարարագրվել է և մաքսազերծվել  այլ՝ մաքսային ցածր արժեք ունեցող ապրանքների անվան տակ:

Ստուգվում է վարկածն առ այն, որ բեռների ապօրինի տեղափոխումը նշված քաղաքացիներին, հնարավոր է, հաջողվել է իրականացնել ՀՀ ՊԵԿ Արևելյան մաքսատուն-վարչության «Բագրատաշեն» մաքսակետ բաժնի պաշտոնատար անձանց թողտվության կամ պաշտոնական դիրքի չարաշահման հետևանքով:

Ներկայումս, ՀՀ ԱԱԾ և ՊԵԿ  աշխատակիցների կողմից «Բագրատաշեն» մաքսակետում իրականացվում են համատեղ միջոցառումներ՝ ներկրված ապրանքների գույքագրման և պետությանը պատճառված վնասի չափը հաշվարկելու նպատակով, սակայն առևտրային գործունեությամբ զբաղվող անձինք համառորեն խոչընդոտում են գործընթացին՝  վերոնշյալ մեխանիզմով ստվերային տնտեսական գործունեությունը շարունակելու ակնկալիքով:

Հարկ ենք համարում նաև տեղեկացնել, որ ապրանքները գույքագրելուց, պետությանը պատճառված հնարավոր վնասը հաշվարկելուց և դրա համար նախատեսված հարկերն ու տուրքերը ճշգրտված չափով վճարելուց հետո ապրանքները սահմանված կարգով կարող են վերադարձվել օրինական սեփականատերերին:

ՀՀ ԱԱԾ-ն կոչ է անում ձեռնպահ մնալ պաշտոնատար անձանց օրինական պահանջները դիտավորյալ չկատարելուց, հիշեցնում, որ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածով պատասխանատվություն է նախատեսված իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու կամ դրա սպառնալիքի համար և նախազգուշացնում է, որ այսուհետ ևս հետևողական պայքար է տարվելու նմանատիպ երևույթների դեմ:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Անի Կարապետյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս