
Իրանը վերահսկում է ԱՄՆ-ի նավերի տեղաշարժերը Պարսից ծոցում. ԻՀՊԶ

Իրանի ռազմածովային ուժերն ուշադիր հետեւում են Պարսից ծոց մտած թշնամական, ամենից առաջ, ԱՄՆ-ի նավերի տեղաշարժերին, եւ պատրաստ են դիմագրավելու ցանկացած զինված սադրանք: Այդ մասին ասված է Իսլամական հեղափոխության պահապանների զորակազմի (ԻՀՊԶ) հրամանատարության հայտարարության մեջ, որը տարածել է Al Alam հեռուստաընկերությունը:
«Որմզդի նեղուցից դեպի հյուսիս ընկած ամբողջ շրջանը գտնվում է Իրանի վերահսկողության ներքո»,- ընդգծված է փաստաթղթում: Դրանում նշված է, որ «ԱՄՆ-ը, որն արդեն մեկ անգամ չէ խայտառակ պարտություն կրել տարածաշրջանում, այժմ ջանում է քաոս ստեղծել այնտեղ եւ իրանատեցություն սերմանել հարեւան արաբական երկրներում»:
Ավելի վաղ տեղեկատվություն է ստացվել այն մասին, որ Իրանի ռազմածովային ուժերը միջազգային ջրատարածք կուղարկեն ռազմանավերի խումբ՝ Bayandor նավի գլխավորությամբ՝ ծովուղիների անվտանգության ապահովման եւ ծովահենության հակազդման համար, հաղորդել է ՏԱՍՍ-ը: